- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԵՊՀ-ՊՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հուլիս 06, 2018 | 17:09
Կրթություն
ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԵՊՀ-ՊՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ «Հոգեբանություն» մասնագիտությամբ զինծառայողների վերապատրաստման դասընթացի ավարտման վկայականների հանձնման արարողությունն ու «Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման ու զարգացման մեթոդներ» ձեռնարկի շնորհանդեսը:
ԵՊՀ հրատարակչության կողմից լույս ընծայած ձեռնարկի հեղինակները Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներն են: Մասնավորապես՝ ձեռնարկում ընդգրկված նյութերը մշակվել են ԵՊՀ փորձարարական հոգեբանություն գիտահետազոտական լաբորատորիայի բազայի ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների հիման վրա:
ՀՀ ՊՆ զինված ուժերի զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Բարոյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը մշտապես աջակցության և մասնագիտական խորհրդատվության համար:
«Վստահաբար կարող եմ ասել, որ Մայր բուհի հետ երկարամյա փոխգործակցությունը սպայական անձնակազմի համար օգտակար է և արդյունավետ: Վերապատրաստման ծրագիրը շարունակական բնույթ կրելու, ուստի 2019 թ.-ի համար մենք վերադաս հրամանատարությանը ներկայացրել ենք մի շարք առաջարկություններ: Մասնավորապես՝ ծրագրի մասնակիցները ցանկություն են հայտնել դասընթացները 72-ի փոխարեն իրականացնել 103 ակադեմիական ժամով՝ 36 լրացուցիչ ժամ տրամադրելով գործնական աշխատանքներին»,- ասաց Ս. Բարոյանը:
Աշխատության մեջ ներկայացված են ռազմական գործունեության համար առաջնային համարվող հոգեկան գործընթացների, զինծառայողների անձնային առանձնահատկությունների ախտորոշման և դրանց զարգացմանն ու շտկմանն ուղղված ադապտացված և հուսալի մեթոդիկաներ, զարգացնող և ձևավորող վարժություններ: Տրված են վերոհիշյալ հոգեբանական երևույթները բնութագրող հակիրճ տեսական հիմնավորումներ, ինչպես նաև առաջարկվող գործիքակազմի կիրառության հստակ ընթացակարգեր:
Ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն էլ կարևորեց ԵՊՀ-ՊՆ համագործակցությունը. «Հսկայական աշխատանք է իրականացվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Հասարակության ամենաառանցքային ու կարևորագույն կառույցը` բանակը, իր խնդիրներով ու պահանջներով հանդերձ, եղել է և շարունակում է մնալ ԵՊՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այն բանակը, որը զինված է ամենաժամանակակից ու հզոր զենքով, սակայն չունի կամքի ուժ և հոգեբանական պատրաստվածություն, խոցելի է, ուստի այս կապը պետք է ամրապնդել»:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը ներկայացրեց գրքի կառուցվածքը, հետազոտություններում կիրառվող մեթոդներն ու աշխատության կարևորությունը զինվորական գործունեության ընթացքում:
«Մեր հիմանական նպատակն էր իրականացնել այնպիսի հետազոտական աշխատանք, որը ոչ թե կմնա թղթի վրա, այլ կունենա կիրառական ելք: Առաջին քայլն եղավ 2016 թ.-ին, երբ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանդիպեցինք պաշտպանության բանակի հոգեբանների հետ: Արդյունքում պարզ դարձավ, որ մեր զինվորական հոգեբանները վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման կարիք ունեն: Վստահ եմ, որ յուրաքանչյուր սպա պետք է հոգեբանություն ուսումնասիրի»,- նշեց ամբիոնի վարիչը և հավելեց, որ ձեռնարկը կուղարկվի նաև տարբեր զորամասեր:
Հ. Ավանեսյանը նշեց նաև, որ գրքում նկարագրված բոլոր մեթոդիկաների և վարժությունների բովանդակությունն ու նկարագրությունը հնարավորություն են ընձեռում ոչ միայն ախտորոշելու, այլև ձևավորելու և զարգացնելու ռազմական գործունեության համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ:
Հավելենք, որ ձեռնարկը նախատեսված է ՀՀ ԶՈՒ հոգեբան-սպաներին, ինչպես նաև արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանությամբ մասնագիտացող մագիստրոսներին, գործնական հոգեբաններին:
Միջոցառման ավարտին ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից պարբերաբար իրականացվող «Հոգեբանություն» մասնագիտությամբ զինծառայողների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականներ, ինչպես նաև ձեռնարկի մեկական օրինակ: