- Գլխավոր
- Նորություններ
- ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Մայիս 10, 2019 | 16:58
Կրթություն
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների (ԱՏՁՄ) միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:
Կոնֆերենց դահլիճում անցկացվող հանդիպման ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների (ԱՏՁՄ) միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատմեց իր ղեկավարած միության և հետագա ծրագրերի հեռանկարների մասին:
Նա մանրամասն խոսեց ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերի, «Իրական դպրոց»-ի և հանրապետության տարբեր դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին:
Կարեն Վարդանյանը ներկայացրեց, որ «Իրական դպրոց»-ը հիմնադրվել է 2016 թվականին, ուսումնական ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ: «Իրական դպրոց»-ն այսօր ունի շուրջ 200-ից ավելի աշակերտ:
Նա պատմեց, որ ԱՏՁՄ կողմից դեռևս 2008 թվականին մեկնարկել է Հայաստանում դպրոցականների շրջանում ռոբոտաշինության զարգացման լայնամասշտաբ ծրագիրը՝ ԱրմՌոբոտիքսը, որի շրջանակում Հայաստանի (ներառյալ Արցախի Հանրապետության) տարբեր համայնքներում ստեղծվել են խմբակներ, որտեղ աշակերտներն ուսումնասիրում էին ռոբոտաշինություն և աշխատում «Սայմոտեկ» ընկերության արտադրած ռոբոտներով։ «Հետագայում ԱրմՌոբոտիքսի հիման վրա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ստեղծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց թիվն այսօր հասնում է 270-ի»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ այսօր գիտահետազոտական համալսարանների պակաս կա: «Մեր նպատակն է ֆինանսապես աջակցել գիտությամբ զբաղվող լավագույն երիտասարդներին և դասախոսներին, սակայն այդ ամենի համար պետք գտնենք համապատասխան և ճիշտ ձևաչափ»,- ասաց նա և առաջարկեց դասախոսներին հանդես գալ տարբեր առաջարկներով, որոնք կքննարկվեն հաջորդ հանդիպումների ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջև համագործակցության հեռանկարները:
Իսկ հանդիպման վեջում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Նադեժդա Տեր-Աբրահամյան