- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Սեպտեմբեր 22, 2018 | 22:43
Հասարակություն
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտների հանդիպումը:
Հիսուն տարի անց նրանք նորից ոտք դրեցին համալսարան և բացեցին իրենց լսարանի՝ 204 սենյակի դուռը, նստեցին այն նստարաններին, որոնք թողել էին հիսուն տարի առաջ։
Նախկին համակուրսեցիները՝ այժմ նշանավոր բանաստեղծներ, գիտության թեկնածուներ, մշակութային գործիչներ, մանկավարժներ և գրականագետներ, ջերմորեն գրկեցին և ողջունեցին միմյանց, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած համակուրսեցիների հիշատակը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ, բանաստեղծ, մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանը: Վերջինս հնչեցրեց 1963 թվականին Հայ բանասիրության ֆակուլտետ ընդունված համակուրսեցիների անունները: Նրանցից շատերը ներկա էին հանդիպմանը. «Հարգելինե՛րս, մենք՝ տղաներս, դեռ թաքուն շարունակում ենք սիրել բոլորիդ»,- խոստովանեց Առաքելյանն ու իր բանաստեղծություններից մեկը ձոնեց հրավիրյալներին։
Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը. «Ես Ձեզ հետ հրաշալի կյանք եմ ապրել: Ես երջանիկ եմ, որ կարողացա ճիշտ հասկանալ հայոց լեզվի համն ու հոտը և երգի միջոցով փոխանցել մարդկանց»,- ասաց վաստակավոր արտիստն ու համակուրսեցիներին նվիրեց իր ձայներիզը:
Հասմիկ Մելքոնյանն, ով այժմ ապրում է Շվեյցարիայում, ներկաներին հուշապատումով տեղափոխեց անցյալ. «Թվում է, թե երեկ էր, երբ ոտք դրեցինք Հայ բանասիրության ֆակուլտետ: Մեր առջև գիտնականների աստղաբույլ էր, որոնցով մենք հիացանք: Նրանք մեզ զինեցին գիտելիքի անսպառ պաշարով: Ո՞վ չի հիացել անտիկ գրականությունը ներկայացնող Լևոն Ներսիսյանով. բոլորդ լավ հիշում եք, որ նրա դասախոսության ժամանակ լսարանում ասեղ գցելու տեղ չկար»,- պատմում է Հասմիկ Մելքոնյանը և հնչեցնում այն համակուրսեցիների անունները, ովքեր հայտնի են դարձել՝ հասարակական-քաղաքական գործիչներ, մշակույթի վաստակավոր ներկայացուցիչներ։
«Բավական է թվարկել այդ մարդկանց անունները. բանաստեղծներ Դավիթ Հովհաննես, Կորյուն Առաքելյան, Մանվել Ադամյան, Ալվարդ Պետրոսյան, Ալիսա Հովհաննիսյան, մաեստրո Ռուբեն Մաթևոսյան, մանկավարժ, բանասեր Խորեն Պալյան՝ միշտ Լուսինե Զաքարյանի հետ, լեզվաբանական գիտությունների պրոֆեսոր Թերեզա Շահվերդյան, բանասիրական գիտությունների թեկնածու Արամ Ալեքսանյան և այլք»,- ասաց նա։
Հասմիկ Մելքոնյանը հավելեց նաև, որ մեծ թվով համակուրսեցիներ ընտրել են մանկավարժությունը՝ աշխատելով դպրոցում. նրանցից է Սուսաննա Մամիկոնյանը, ով արժանացել է ոսկե մեդալի:
Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև բանաստեղծներ Մանվել Ադամյանն ու Ալիսա Հովհաննիսյանը։ Վերջինիս բնորոշմամբ, ուսանողական հիշողությունները միայն այս շենքում կարող են պատկերավոր լինել:
Միջոցառումն ավարտվեց ուսանողական կյանքի զվարճալի պատմություններով, ջերմագին համբույրներով ու գրկախառնությամբ, լուսանկարներով, լսարաններ այցելությամբ ու այնտեղ թողած հուշերի կենդանացմամբ: Համակուրսեցիները հույս հայտնեցին, որ հինգ տարի անց կրկին կհանդիպեն նույն թիմով իրենց սիրելի համալսարանում:
Անգին Խաչատրյան