- Գլխավոր
- Նորություններ
- «ԵԹԵ ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ՈՂՋ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՄԱՐԴՈՒՆ ՎԱՅԵԼ ԱՊՐԵՆՔ». ՀՀ ԶՈՒ ՍՊԱ, ՄԱՅՈՐ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ապրիլ 23, 2019 | 17:48
Հասարակություն
«ԵԹԵ ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ՈՂՋ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՄԱՐԴՈՒՆ ՎԱՅԵԼ ԱՊՐԵՆՔ». ՀՀ ԶՈՒ ՍՊԱ, ՄԱՅՈՐ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանի հետ:
Մեզ հետ զրույցում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանն ընդգծեց, որ հերոս Սարգիս Ստեփանյանի օրինակը խրախուսող և ոգևորիչ է բոլորի համար:
Վերջինս 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել և կորցրել է 3 վերջույթները: Սակայն այդ ամենը նրան չի խանգարել, որ բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցնի 4-րդ հորիզոնականը։
Նա ոչ միայն զբաղվում է սպորտով, այլև շարունակում է ծառայությունը ՀՀ զինված ուժերում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով հատուկ ջոկատայիններին:
Հանդիպման ընթացքում ուսանողները հետաքրքրվեցին Սարգիս Ստեփանյանի անցած դժվարին ուղուց, փորձություններով լի ծառայությունից:
«Ինձ համար կարևոր է ձեզ հետ խոսել, կիսվել, քանի որ դուք կարևոր գաղափարի շուրջ եք հավաքված»,- ընդգծեց մայոր Ս. Ստեփանյանը:
Նա ԵՊՀ ուսանողներին պատմեց, թե ինչպես է ընտրել զինվորականի ուղին, հիշեց սպորտային նվաճումներն ու ձեռքբերումները:
«Պատանեկան տարիքից զբաղվել եմ ծանրամարտով: Բայց 2014 թ. մարտական դաշտում վիրավորվելուց հետո ես զբաղվեցի բազկամարտով՝ դառնալով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն»,- պատմեց ՀՀ ԶՈՒ սպան:
Անդրադառնալով սպորտային իր նվաճումներին՝ նա տեղեկացրեց, որ մայիսի 14-ին Աթենքում տեղի է ունենալու բազկամարտի Եվրոպայի առաջնությունը և վստահեցրեց, որ հայրենիք վերադառնալու է հաղթանակով:
Մայորը պատմեց, որ զինվորական ճանապարհն ընտրելու գործում կարևոր է եղել հոր և ընկերների ազդեցությունը: «Հայրս ցանկանում էր, որ ես զինվորական դառնամ, քանի որ ինքն էլ Արցախյան շարժման մասնակից է եղել: Տարիներ անց, սեփական որոշմամբ, համալրեցի Հատուկ նշանակության զորքերի շարքը»:
Այդ մուտքով էլ սկիզբ է դրվել Սարգիս Ստեփանյանի՝ զինվորական դժվար, փորձություններով լի կյանքը:
2014 թ. դիվերսիոն խմբի ներթափանցման արդյունքում վիրավորված զինվորին փրկելու համար Սարգիս Ստեփանյանը թույլտվությամբ անցել է ականապատված չեզոք տարածք և փորձել փրկել զինվորին: «Ես կորցրի 3 վերջույթներս, սակայն զինվորի կյանքը փրկել չհաջողվեց», - ասաց նա:
Զինվորական ծառայությունն ավարտած ուսանողներից մեկը՝ Հակոբ Ավետիսյանը, հետաքրքրվեց՝ արդյոք ինչ գործողություններ են սպասվում թշնամու կողմից, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, որին ի պատասխան՝ մայորը նշեց, որ թշնամուց պետք է ամեն ինչ սպասել, ուստի լավագույն տարբերակը մշտապես պատերազմի պատրաստ լինելն է:
Իսկ այն հարցին, թե ինչն է պակասում մեր սերնդին, Ստեփանյանը նշեց, որ ամեն մեկը պետք է իր գործը լավ կատարի. «Ուսանողը պետք է լավ սովորի, զինվորը լավ ծառայի և, ի վերջո, ամեն մեկը պետք է հայեցի մտածի և պահպանի ընտանեկան, ավանդական դաստիարակությունը. այդ դեպքում մենք կունենանք հզոր բանակ և պետություն»:
Ս. Ստեփանյանը հիմնել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, որտեղ մարզվում են հաշմանդամություն ունեցող անձինք. «Մենք պետք է ավելին անենք, քան մյուսները, չբողոքենք, չտրտնջանք, եթե Աստծո կամքով ողջ ենք մնացել, ապա պետք է մարդուն վայել ապրենք»:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը Սարգիս Ստեփանյանին շնորհեց Մարտական պատրաստության ակումբի պատվավոր անդամի կոչում:
Անգին Խաչատրյան