- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Ապրիլ 19, 2019 | 18:39
Ուսանողական
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈւԽ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկանի տեղակալներ Գևորգ Ասլամաջյանը և Էդվարդ Դանոյանը, ինչպես նաև ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
Ֆակուլտետի ՈւԽ նախագահ Էլմիրա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վահրամ Դումանյանին, որ համաձայնեց նման ձևաչափով հանդիպում անցկացնել և քննարկել ֆակուլտետի խնդիրները: Վահրամ Դումանյանն էլ նշեց, որ ուսանողների հետ հանդիպումներ հաճախ են կազմակերպվում, բայց առավել հաճելի է, երբ դրանց նախաձեռնողները հենց ուսանողներն են. «Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն և իսկապես մտահոգված են ֆակուլտետի խնդիրներով»: Վահրամ Դումանյանն առաջարկեց պարբերաբար կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ:
Հանդիպման ընթացքում 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Պետրոսյանը բարձրաձայնեց այն խնդիրը, որ դասախոսությունների ընթացքում շատ դասախոսներ թելադրում են նյութը, ինչն այդքան էլ արդյունավետ չէ, և առաջարկեց նյութերը նախօրոք տրամադրել ուսանողներին, իսկ լսարանում արդեն քննարկել դրանք:
Վահրամ Դումանյանն ի պատասխան ասաց, որ հարցը բարձրաձայնվում է տարիներ շարունակ: Ըստ նրա՝ խնդիրն ունի տարբեր պատճառներ՝ կախված դասախոսներից, ուսանողներից և առարկայի նյութի ուղղվածությունից:
«Եկեք ընդունեք, որ մեր ուսանողության մոտ դեռևս բացակայում է գրադարանից օգտվելու մշակույթը: Ուսանողները գերադասում են գրել դասախոսությունը, քան փնտրել գրականությունը, կարդալ օտար լեզուներով և մեծ ծավալով գրքերը: Դասախոսների մոտ էլ կարծրատիպ կա. իներցիայով տարիներ ի վեր թելադրում են: Կարծում եմ՝ եթե հավաքական կարծիք ձևավորվի ուսանողների շրջանում, խնդիրը կլուծվի»,- բացատրեց ֆակուլտետի դեկանը:
Վահրամ Դումանյանը պարզաբանեց, որ դասախոսներն ամեն տարի փոփոխում են իրենց նյութերը, ավելացնում կամ պակասեցնում որոշ բաներ, փոխում աղբյուրները, և այդ դեպքում գուցե դժվար լինի հաստատուն որևէ բան կազմելը, և դասերից առաջ այն ուսանողներին փոխանցելը. «Բայց ես ողջունում եմ ձեր առաջարկությունը և կարծում, որ այն առաջադեմ է: Մենք կքննարկենք ամբիոններում և կառաջարկենք դասախոսներին»:
ՈւԽ նախագահության անդամ Կարինե Թադևոսյանը նշեց, որ տարեվերջին՝ քննաշրջանի ընթացքում, շատ ուսանողներ խնդիրներ են ունենում՝ չիմանալով, թե հարցաշարի այս կամ այն հարցը գտնելու համար որտեղից պետք է օգտվեն: Նա առաջարկեց ամեն կիսամյակի սկզբում ուսանողներին ուղարկվեն դասավանդվող առարկաների ծրագրերը, հարցաշարերն ու գրականության ցանկը:
Վահրամ Դումանյանն ասաց, որ համապատասխան ուղեցույցում, որը հասանելի է նաև էլեկտրոնային եղանակով, նշված է, թե ուսումնառության ընթացքում ուսանողներն ինչ ծրագրի շրջանակում են սովորելու՝ փաստելով, որ հարցաշարերն էլ կազմվում են հենց դրա հիման վրա:
«Քննական տոմսերը կազմելիս կարող է որևէ հարցի ձևակերպումը չհամընկնի ուղեցույցում նշված ձևակերպման հետ, բայց իմաստը նույնը լինի: Այսինքն՝ եթե ուսանողը յուրացրել է թեման, ապա նրա համար որևէ բարդություն չի առաջանա»,- ասաց դեկանը:
«Մենք պետք է այնպես անենք, որ միջին և վատ սովորողները ձգտեն հասնելու լավագույնին, այլ ոչ հակառակը: Սա սկզբունքային հարց է, մեր հաջողության քաղաքականության դրույթներից մեկը: Համալսարանի ուսանողը պետք է ձգտի լավագույնին, և մենք պետք է նպաստենք դրան»:
Ուսանողներից մեկն էլ բարձրաձայնեց այն խնդիրը, որ երրորդ կուրսի ուսանողների ուսումնական ծրագրով նախատեսված է արտադրական պրակտիկա, որը չի իրականացվում: Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ ըստ նրա՝ պետք է վերանայվի ուսումնական պլանը, քանի որ միջինում երկու հարյուր ուսանողի պարտադիր պրակտիկա կազմակերպելն այսօրվա պայմաններում բազմաթիվ պատճառներով իրատեսական չէ:
«Ուսումնական պլանում պրակտիկայի առկայությունը եթե պարտադիր պահանջ է, ապա պետք է հստակեցվի, թե ինչ է այն իրենից ենթադրում: Տարիներ շարունակ այս հարցը կա: Այս տարի մեր ֆակուլտետ ընդունվել է երկու հարյուրից ավելի ուսանող: Մենք նրանց որտե՞ղ ուղարկենք պրակտիկայի: Ո՞ւմ ասենք՝ այս քանակությամբ ուսանողների հետ աշխատի և նախատեսված ժամաքանակ տրամադրի»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Նա ասաց, որ ԵՊՀ գիտխորհրդի նիստի ժամանակ էլ առաջարկել է, որ որոշ մասնագիտությունների դեպքում վերանայվի պրակտիկայի պարտադիր բաղադրիչի պահանջը:
Ուսանողներից մեկի դիտարկմանը, թե բոլորին հայտնի է, որ այսօր կրթության որակը ցածր է, Վահրամ Դումանյանը առարկեց և ասաց, որ ամեն ինչ գնահատվում է համեմատության մեջ: Նրա հավաստմամբ, Հայաստանում թեև այսօր կան առաջատար մի քանի բուհեր, բայց ԵՊՀ-ի ԻԿՄ ֆակուլտետն է, որ աննախադեպ քանակությամբ դիմորդներ է ընդունել այս տարի. «Այդ փաստն արձանագրում է հասարակության գնահատականը մեր գործունեությանը և արված աշխատանքին»:
«Բացի դրանից՝ տարիներ շարունակ մեր ուսանողները մրցութային տարբեր հարթակներում մշտապես բարձր հորիզոնականներ են զբաղեցնում: Միջազգային օլիմպիադաներում ևս ԻԿՄ ֆակուլտետի թիմերն առաջատար դիրքեր են գրավել, իսկ մեր շրջանավարտներն աշխատում են աշխարհի տարբեր հեղինակավոր կազմակերպություններում»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող այլ հարցեր, որոնց մանրամասնորեն պատասխանեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և ասաց, որ դրանք առաջիկայում առավել մանրամասն կքննարկվեն և կառաջարկվեն լուծումներ:
Քնար Միսակյան