- Գլխավոր
- Նորություններ
- ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
Ապրիլ 26, 2019 | 17:20
Ուսանողական
ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդների համար Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ֆակուլտետում կազմակերպվել էր անվճար դասընթաց:
Նոր մեդիա և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանն ապագա ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի ընդունելության քննությունների ծրագրերը և չափորոշիչները: Նա նշեց, որ «Բանավոր հաղորդակցման մշակույթ» ներբուհական մասնագիտական ընդունելության քննության նպատակն է ճշտել ընտրած ոլորտի վերաբերյալ դիմորդի իմացության մակարդակը, միտքը տրամաբանորեն և գրագետ ներկայացնելու կարողությունը:
«Այս քննության ընթացքում դիմորդը պետք է կարողանա ներկայացնել իր նախընտրած լրատվամիջոցը, տեղյակ լինի, թե ովքեր են այդ լրատվամիջոցի առաջատար լրագրողները, ծանոթ լինի լրագրության մի քանի ոլորտների»,- ասաց նա և հավելեց, որ կարևորվում է դիմորդի վերլուծական միտքը, ինքնուրույն կարծիքը, գնահատականը:
Խրախուսելի կլինի, եթե դիմորդը ծանոթ լինի մեր դասական և ժամանակակից գրող-հրապարակախոսներին, արվեստագետներին, նրանց հանրահայտ ստեղծագործություններին: «Ցանկալ է, որ դիմորդը տեղյակ լինի մեր նորօրյա պետականության հիշարժան տարեթվերին, նշանակալի իրադարձություններին, Արցախյան գոյամարտի հերոսական դրվագներին»,- նկատեց Դ. Պետրոսյանը:
Բանախոսը, անդրադառնալով «Ստեղծագործական աշխատանք» կենտրոնացված ընդունելության քննությանը, նշեց, որ դրա նպատակն է ստուգել դիմորդի ստեղծագործական ունակությունները, ասելիքի ինքնատիպ և գրագետ շարադրելու հմտությունները: «Քննության ժամանակ դիմորդին ներկայացվում է երեք ազատ թեմա, որոնցից նա ընտրում է մեկը և շարադրում է տրված ժամանակահատվածում: Աշխատանքում ինքնատիպ նախադասությունների, պարբերությունների, ուշագրավ մտքերի առկայության դեպքում հանձնաժողովը կարող է մինչև 2 միավոր խրախուսել դիմորդին»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում Դավիթ Պետրոսյան նշեց, որ նմանաբնույթ հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, և ֆակուլտետը մանրամասն ներկայացնում է դիմորդներին քննությունների հարցերի շրջանակը և թեմաները:
Հանդիպման վերջում Նոր մեդիա և հաղորդակցության ամբիոնի վարիչը պատասխանեց դպրոցականների հարցերին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան