- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Դեկտեմբեր 07, 2018 | 17:32
Հասարակություն
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերության Աջափնյակ մասնաճյուղի ղեկավար Վահան Օհանջանյանը մասնակիցներին ներկայացրեց ընկերության հիմնադրած ապահովագրական դպրոցը:
«Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունը 2015 թվականից հիմնադրել է ապահովագրական դպրոց, որն անցած երեք տարվա ընթացքում արդեն ունեցել է 364 շրջանավարտ, որոնցից 62-ը համագործակցում են ընկերության հետ որպես գործակալ, իսկ 23-ն ընկերության աշխատակիցներ են:
«Մեր հիմնադրած ապահովագրական դպրոցում ուսանողները հնարավորություն ունեն գիտելիքներ ստանալու ոչ միայն ապահովագրության, այլև վաճառքի, բիզնես էթիկայի և նամակագրության թեմաներով»,- մեզ հետ զրույցում նշեց Վահան Օհանջանյանը:
Դպրոցի հիմնական առավելություններից մեկն այն է, որ ուսանողներին դասավանդում են այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մարդիկ, որոնք ապահովագրությունը մատուցում են ոչ միայն տեսականորեն, այլև գործնականորեն՝ ներառելով առօրյա օրինակներն ու իրենց աշխատանքային փորձը:
«Մենք մեր ուսանողներին դասավանդում ենք մեր փորձը»,- ընդգծեց Վահան Օհանջանյանը:
Դասընթացների բովանդակության մեջ ներառվում են ապահովագրության հիմունքները, ծագումը և էվոլյուցիան, ինչպես նաև ապահովագրական շուկայի ուսումնասիրությունն ու այնտեղ վաճառք իրականացնելը:
«Պետք է նշել, որ մեզ համար առանձնահատուկ կարևոր է մեր մասնագիտական կազմի կրթության շարունակականությունը: Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցների անընդհատ սովորելու ցանկությունը»,- ասաց Վահան Օհանջանյանը:
Ապահովագրական դպրոցի բոլոր այն ուսանողները, որոնք ուսման ընթացքում կունենան բարձր առաջադիմություն, կդրսևորեն անընդհատ սովորելու ցանկություն, կունենան իրենց տեղը «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերության աշխատակազմում:
Անի Պողոսյան