- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ՆԱԶԱՐԲԱԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 30, 2019 | 15:09
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ՆԱԶԱՐԲԱԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել հանդիպում Նազարբաև համալսարանի պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, Նազարբաև համալսարանի պատվիրակության անդամները՝ Ռեբեկա Կարտերը, Սանիյա Գաբասովան:
Հանդիպման ընթացքում Ռեբեկա Կարտերը ներկայացրեց Նազարբաև համալսարանի պատմությունն ու համագործակցության ուղիները:
Նա փաստեց՝ Նազարբաև համալսարանը, լինելով միջազգային համալսարան, առանձնահատուկ նշանակություն է տալիս այլ համալսարանների հետ համագործակցությանը և նպատակ ունի տարիների ընթացքում ավելացնելու միջազգային համագործակցությունների թիվը. «Մեր համալսարանը հիմնված է նաև թափանցիկության սկզբունքի վրա, ուստի մեզ համար շատ կարևոր է ունենալ թափանցիկ համագործակցություն մեր գործընկեր բուհերի հետ»:
ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը հյուրերին պատմեց Երևանի պետական համալսարանի հիմնադրման պատմությունն ու ներկայացրեց միջազգային ծրագրերի իրականացման փորձը:
Արթուր Իսրայելյանը նշեց, որ այս պահին ԵՊՀ-ն արդեն իսկ համագործակցում է ղազախական 4 համալսարանի հետ:
Վերջինս խոսեց «Erasmus+» ծրագրի շրջանակում տարբեր երկրների և ԵՊՀ-ի համագործակցության մասին՝ նշելով, որ այդ երկրները 55-ն են:
ԵՊՀ պրոռեկտորը հյուրերին ներկայացրեց նաև մագիստրոսական այն ծրագրերը, որոնք իրականացվում են երկդիպլոմ ձևաչափով:
Այնուհետև Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը հյուրերին պատմեց ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնի գործունեության մասին, որը գործում է Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին կից:
Այն հիմնադրվել է 2010 թվականին ԵՊՀ-ի և Աստանայի՝ Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում:
Ալեքսանդր Սաֆարյանի խոսքով, կենտրոնում ղազախական լեզվին և մշակույթին վերաբերող հետաքրքիր հետազոտություններ են իրականացվում:
Նա ներկայացրեց այն մեծ ջանքերը, որոնք գործադրում է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևը երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
Ալեքսանդր Սաֆարյանը ներկաներին հրավիրեց նաև մի ամսից կայանալիք գրքի շնորհանդեսին, որն առաջին անգամ հայ ընթերցողին հայերենով կներկայացնի ղազախական դասական գրականության հայտնի գործերը՝ սկսած միջնադարից մինչ օրս:
Հանդիպումից հետո հյուրերը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ներկաներին պատմեցին Նազարբաև համալսարանի փոխանակման ծրագրերի մասին:
«Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ մեր համալսարանի օտարերկրյա ուսանողները ստանում են դրամաշնորհներ, կրթաթոշակ, ինչպես նաև անվճար կեցություն հենց բուհի հանրակացարանում»,- ասաց Սանիյա Գաբասովան:
Վերջում հյուրերը պատասխանեցին ներկաների հարցերին:
Անի Պողոսյան