- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՆՔ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԻ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 25, 2019 | 17:53
Հասարակություն
«ՄԵՆՔ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԻ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանդիպումը Ֆրանկֆուրտում գործող «Ցեղասպանության հակառակորդների միության»՝ Հայաստան ժամանած պատվիրակության հետ։
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 1998 թ. գործող «Ցեղասպանության հակառակորդների միությունը», որի անդամներից են թուրք և քուրդ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այս տարի Հայաստան է ժամանել մեծ՝ 18-հոգանոց պատվիրակությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Արամ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ այսօրվա հանդիպումը հետաքրքիր և ոչ սովորական է. «Դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման են եկել մարդիկ, որոնք ժամանել են Գերմանիայից և ներկայացնում են մեր հարևան երկու ժողովուրդներին՝ թուրքերին և քրդերին: Մարդիկ, որոնք ոչ միայն ճանաչում և ընդունում են Հայոց ցեղասպանությունը, այլև իրենց դիրքորոշմամբ, պայքարով և ակտիվ գործունեությամբ փորձում են նպաստել դրա միջազգային ճանաչմանը»: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ հյուրերը Գերմանիայի քաղաքացիներ են և ժամանել են իրենց ընտանիքների, երեխաների հետ:
Նա հյուրերին տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն ամենահին բուհն է, և որ այն այս տարի տոնում է իր 100-ամյակը. «Մեր համալսարանն ամենամեծն է Հայաստանում ոչ միայն ուսանողների թվով, այլև կրթական և գիտական գործունեությամբ: Այստեղ է ստեղծվում երկրի գիտական արդյունքի 1/3-ը»:
«Հայերիս համար դժվար է խոսել Ցեղասպանության մասին, որովհետև չկա մի հայ ընտանիք, որի ավագ սերնդի ներկայացուցիչները, ենթարկված չլինեն ցեղասպանության: Բոլորս մեր հիշողության մեջ՝ որպես մեր ինքնության ամենակարևոր մասնիկներից մեկը, ունենք ցեղասպանության մասին հիշողություն: Մեր երկրի, ժողովրդի, հասարակության դեպի առաջ ընթացող ուղին մշտապես մեզ հիշեցնում է այդ սարսափելի ոճրագործության մասին: Մեր հոգեկերտվածքի վրա այն խորը հետք է թողել, սակայն վերաձևակերպելով գերմանացի հայտնի սոցիոլոգի խոսքերը՝ ուզում եմ նշել, որ մենք, մշտապես հիշելով Ցեղասպանությունը՝ որպես հիշատակի խորհրդանիշ՝ մոմ ենք վառում, որը հնարավորություն է տալիս լուսավորելու մեր ժողովրդի ուղին, գալիքը: Մենք ժողովուրդ ենք, որը լավատեսորեն նայում է իր ապագային և լուսավորում ճանապարհը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Նա փաստեց, որ Հայաստանում և հատկապես համալսարանում դատապարտում են ամեն տեսակ ցեղասպանություն աշխարհում. «Այստեղ ստանում են գիտելիք և համոզմունք, որ նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար յուրաքանչյուր մարդ, անկախ իր ազգությունից, պետք է ամենօրյա պայքար մղի, որ նման սարսափելի ոճիրը վերանա աշխարհից: Այս տեսանկյունից՝ ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր հյուրերին, որոնք ցեղասպանությունների դեմ պայքարը դարձրել են կյանքի նպատակ, ինչը սխրանք է»:
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին հանդիպմանն ասաց, որ կազմակերպության գործունեության մասին վաղուց է լսել. «Տարբեր շրջանակներից լսելով միության մասին՝ համոզված էի, որ գործ ունենք մի կազմակերպության հետ, որը մեծագույն նվիրումով և խորին համոզմամբ նվիրվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»:
Պարոն Հայրունին պատմեց, որ երեկ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս, մի լրագրող նրանց հարցրեց, թե ինչ խոսք կուզեին ասել հայ ժողովրդին, ինչին ի պատասխան՝ «Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալիշան Էրթեմն ասաց, որ նրա մեծագույն ցանկությունն է, որ հայոց նահատակների հիշատակը հարգելու և մեծարելու համար այդտեղ իր հետ լինեն նաև Թուրքիայի կառավարության անդամներ, որոնք ծնկի կգան անմար, անշեջ կրակի առջև այնպես, ինչպես իրենք:
«Մենք, ինչպես մեր հյուրերը, նույնպես վստահ ենք, որ այդ օրը գալու է, բայց այդ ճանապարհին մենք շատ անելիքներ ունենք: Առաջին հերթին մենք պետք է աշխատենք թուրքական հասարակական գիտակցության մեջ առկա ժխտողական կարծրատիպերը վերացնելու համար, որոնք ձևավորվել են պետական քարոզչության պատճառով»,- ասաց Աշոտ Հայրունին:
«Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալիշան Էրթեմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ այցի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեց, որ հայ ժողովուրդն արժանի է շատ մեծ հարգանքի, քանի որ տեսնում է, որ հայ ժողովրդի գիտնականների սրտում չկա ատելություն: Նա պատմեց, որ առաջին անգամ Հայաստան եկել է 1998 թվականին, որի ժամանակ նրանց ջերմորեն դիմավորել է Արևելագիտության ֆակուլտետի այն ժամանակվա դեկան Գուրգեն Մելիքյանը:
«Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը խոչընդոտ է բոլոր առումներով Թուրքիայի զարգացման համար, և չեմ կարծում, որ առանց ցեղասպանության ճանաչման և առանց թուրք հասարակության կողմից դրա դատապարտման՝ մենք կարող ենք որևէ կարևոր խնդիր լուծել Թուրքիայում, այդ պատճառով մենք նախաձեռնեցինք այս բարեգործական քայլը՝ հույս ունենալով, որ այն մեզ նորից կհիշեցնի մարդ լինելու արժանիքի մասին»,- ասաց միության նախագահը:
Այնուհետև Աշոտ Հայրունին հանդիպման մասնակիցներին ներկայացրեց «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեությունը՝ փաստելով, որ այն նախաձեռնում և կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ:
Հայաստան ժամանած պատվիրակության կազմի ներկայացուցիչ դոկտոր Էրան Գյունդյուզն ասաց, որ եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, ապա հայկական մշակույթը կկազմեր անատոլիական մշակույթի մի մասը. «Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը ստիպված եղավ սփռվել ամբողջ աշխարհով, կորցրեց ամբողջ Արևմտյան Հայաստանը: 1915 թ. հետո Թուրքիայում շարունակվել են կոտորածներն արդեն քուրդ ժողովրդի նկատմամբ: Ես այսօր ինձ շատ մոտ եմ զգում հայ ժողովրդին: Մենք կշարունակենք մեր պայքարն այնքան, մինչև թուրք հասարակությունը գիտակցի և ընդունի իր պատասխանատվությունը»:
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղելու հյուրերին:
Քնար Միսակյան