- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
Հունվար 06, 2023 | 12:28
Կրթություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Տոնի խորհրդի մասին զրուցել ենք ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան պ․գ․դ․, պրոֆեսոր Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ։
- Սրբազա՛ն հայր, Սուրբ Ծնունդը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ և անմահ պատարագ: Կպատմե՞ք՝ այն ի՞նչ խորհուրդ ունի։
- Հայ Առաքելական սուրբ եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնակատարությունը սկսում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական ծիսակարգի՝ օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Այդ երեկո բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ և անմահ պատարագ։ Սուրբ Ծննդյան ճրագալույցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տաղավար տոներից առաջինն է։ Քրիստոնյաները, պատարագից հետո իրենց հետ տանելով եկեղեցիներում վառված ճրագները, տանում են լույսը, ջերմությունն ու ծննդյան ավետիսը․ այս է տոնի խորհուրդը։
- Հունվարի 6-ին կատարվում է ջրօրհնեքի արարողություն. ի՞նչ է այն խորհրդանշում:
- Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին միակն է, որ նույն օրն է տոնում Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից Քրիստոսի Սբ. Մկրտությունը։ Սբ․ Մկրտության պահին Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ երկնքից Քրիստոսի վրա, և լսվեց Հայր Աստծո ձայնը։ Այսպիսով՝ Սուրբ Երրորդությունը տեսանելիորեն հայտնվեց մարդկանց։ Պատահական չէ, որ Սուրբ Ծննդյան ողջույնը հնչում է այսպես՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»՝ հավասարապես շեշտելով Ծննդյան և Աստվածհայտնության կարևորությունը։ Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին եկեղեցում կատարվում է ջրի օրհնության կարգ՝ ի հիշատակություն Աստվածհայտնության, ապա օրհնված ջուրը բաժանվում է մարդկանց։
– Սուրբ Ծննդյան տոնակատարությանը հաջորդում է Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողություն: Ի՞նչ նպատակով է այն արվում:
– Տնօրհնեք կատարվում է ամբողջ տարվա ընթացքում, բայց հիմնականում տաղավար երկու տոներից՝ Սուրբ Ծնունդից ու Սուրբ Հարության տոնից հետո։ Ըստ «Մաշտոց» ծիսարանի՝ տնօրհնեքի երեք տեսակ կա՝ Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի։ Տնօրհնեքի նպատակը Սուրբ Ծնունդի և Սուրբ Հարության ավետիսը մարդկանց ընտանիքներ հասցնելն է:
Մարինե Մկրտչյան