- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Դեկտեմբեր 06, 2018 | 17:38
Գիտություն
«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը:
Հիշեցնենք, որ այս գիտաժողովն ավանդական դարձած ամենամյա ծրագիր է: Այս տարի այն տևելու է 4 օր, զեկուցումներով հանդես են գալու 55 երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ:
Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:
Ներկաների թվում էին Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը, դասախոսներ և ուսանողներ:
Գիտաժողովի մեկնարկային առաջին օրը զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսներ Վարդուշ Գյոզալյանը, Նարինե Միրզոյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներ Աշոտ Նանյանը, Ենոք Հակոբյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Գայանե Թովմասյանը:
Նշենք, որ գիտաժողովի հետագա աշխատանքը կազմակերպվել է թեմատիկ բաժանմունքներում, որոնք նախագահելու են ոլորտի անվանի գիտնականներ:
Առաջին զեկուցմամբ Վարդուշ Գյոզալյանը ներկայացրեց ՀՀ 2018թ. համաժողովրդական շարժման սոցիալ- տնտեսական հիմքերը. «Սույն զեկույցի շրջանակում պետք է զարգացնել այն թեզը, որ 2018 թ. համաժողովրդական շարժումն իրականում պայմանավորված էր ոչ այնքան քաղաքական գործոններով, որքան սոցիալ-տնտեսական ակունքներով»:
Գյոզալյանը սոցիալ- տնտեսական հիմքերով պայմանավորեց նաև բնակչության զգալի մասնակցությունը 2018 թ. համաժողովրդական շարժմանը:
«Կայուն աշխատանքի բացակայության, գյուղատնտեսությունից ստացվող ցածր եկամուտների, ինչպես նաև բարձր ռիսկայնության պայմաններում տարածաշրջաններում բնակվող երիտասարդության մոտ ձևավորվել է գյուղատնտեսությունից օտարանալու միտումը, ինչն էլ դարձել է արտագաղթի լրացուցիչ խթան»,- ընդգծեց Գյոզալյանը:
ՀՀ զբոսաշրջության մրցունակության մասին խոսեց Գայանե Թովմասյանը, Նարինե Միրզոյանը ներկայացրեց կազմակերպությունների վարկունակության գնահատման գործակիցները և դրանց հաշվարկային մոդելների վերծանման առանձնահատկությունները ՀՀ-ում:
Իսկ Աշոտ Նանյանի ուշադրության կենտրոնում կոմերցիոն բանկի վարկերի նվազեցումն էր:
Անգին Խաչատրյան