- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԿԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻ ՏԵՐԱՀԵՐՑԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
Սեպտեմբեր 11, 2018 | 14:59
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻ ՏԵՐԱՀԵՐՑԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ներկայացրած «Մեծ սպեկտրալ լարքավորմամբ տերահերցային ալիքների աղբյուրի մշակումը» գիտական ծրագիրը:
Նշենք, որ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն հրապարակել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: ԵՊՀ-ից ֆինանսավորման են երաշխավորվել 43 թեմաներ:
«Մեծ սպեկտրալ լարքավորմամբ տերահերցային ալիքների աղբյուրի մշակումը» գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանի հետ զրուցեցինք վերոնշյալ գիտական ծրագրի հեռանկարների, նպատակների ու արդյունավետություն մասին:
Յուրի Ավետիսյանը հայտնեց, որ գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար իրենց խումբը բաղկացած է 5 անձից: Հետազոտական խմբի անդամ է նաև Ճապոնիայի Օսակայի համալսարանի պրոֆեսոր Մասայոշի Տոնոուչին, ով հանդես է գալիս որպես խմբի խորհրդատու:
Նրա խոսքով, գիտական ծրագրի հիմնական նպատակն է մշակել և փորձնականորեն հետազոտել նեղշերտ տերահերցային (ՏՀց) աղբյուր, որը կապահովի ՏՀց ճառագայթման հաճախության և սպեկտրալ լայնքի լարքավորման լայն հնարավորություն։
Յ. Ավետիսյանը նշեց, որ գիտական ծրագրի արդյունքում կմշակվի եզակի բնութագրերով տերահերցային աղբյուր, որն ունի ինչպես գիտական, այնպես էլ կիրառական նշանակություն: «Գիտական ծրագրի ավարտից հետո ԵՊՀ ուսանողները և գիտաշխատողները հնարավորություն կունենան օգտագործելու ՏՀց ճառագայթման աղբյուրն իրենց գիտական հետազոտություններում, օրինակ՝ նյութաբանության մեջ»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորը:
Նրա խոսքով, գիտական ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակված աղբյուրը հնարավորություն կտա կատարելու լաբորատոր աշխատանքներ համեմատաբար քիչ ուսումնասիրված ՏՀց ալիքների տիրույթում:
«ԵՊՀ-ում կկատարելագործվի տերահերցային ալիքների գիտաուսումնական լաբորատորիան: Մշակված աղբյուրն օգտակար կլինի ոչ միայն ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառի, այլ նաև կենսաբանության և քիմիայի ոլորտի գիտնականների նյութերը և նմուշները ՏՀց ոլորտում հետազոտելիս»,- հավելեց Յուրի Ավետիսյանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան