- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ՝ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Մայիս 06, 2019 | 18:10
Հասարակություն
ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ՝ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր մեկնարկեց ԵՊՀ ավագների խորհրդի և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից կազմակերպված «Իրազեկ ավագ» ծրագիրը:
Երկու փուլից բաղկացած դասընթացի առաջին՝ երևանյան փուլում ավագների համար անցկացվեց իրազեկման բնույթ կրող հանդիպում-քննարկումներ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանի հետ:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վ. Վարագյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը ԵՊՀ-ում ավագների ինստիտուտի կայացումն ու զարգացումն է:
«ԵՊՀ ուսումնական գործընթացներում մեծ է կուրսերի ավագների դերը: Եվ չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ կուրսերի ավագներն ունեն ուղղորդող և խորհրդատվական կարևոր դեր ուսանողների համար, շատ հաճախ հենց իրենք ունեն իրազեկվածության պակաս»,- նշեց Վ. Վարագյանը՝ խորհուրդ տալով ուսանողներին օգտագործել ծրագրի ընձեռած հնարավորություններն այդ բացը լրացնելու համար:
Ծրագրի երկրորդ բանախոսը՝ Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը, մասնակիցներին ներկայացրեց վարչության աշխատանքներն ու գործունեությունը: Ծրագրի ընթացքում ակտիվ հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նշենք, որ «Իրազեկ ավագ» ծրագրի երևանյան փուլի դասընթացները կշարունակվեն ևս երկու օր, որոնց ընթացքում ուսանող ավագները հանդիպում-քննարկումներ կունենան մի շարք այլ համահամալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: