- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ԵՐԳԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Հունիս 22, 2018 | 17:41
Մշակույթ
ՆՈՐ ԵՐԳԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ին նվիրված երիտասարդական երգի մրցույթի հաղթողներին և խրախուսական պարգևների արժանացած մասնակիցներին պարգևատրեց:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ մշակույթի կենտրոնը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ կազմակերպել էր համալսարանին նվիրված երգի մրցույթ: Եզրափակիչ փուլում հնչել էր 6 երգ, որոնցից լավագույններին ընտրել էր պրոֆեսիոնալ ժյուրին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ին նվիրված երիտասարդական երգի մրցույթում երրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Գայանե Թադևոսյանը, երկրորդ տեղը՝ Աննա Զաքարյանը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթի հաղթողներին ԵՊՀ ռեկտորը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց: Խրախուսական պարգևների արժանացան նաև մրցույթի մասնակիցներ Արեգնազ Մարտիրոսյանը և Տիգրան Գրիգորյանը:
ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց մրցույթի հանձնաժողովին և մասնակիցներին՝ նշելով, որ համալսարանը կշարունակի ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ուսանողները կարողանան ստեղծագործել: Արամ Սիմոնյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին տարիների հետևողական աշխատանքի և ուսանողների շրջանում մշակույթի հանդեպ սեր և հետարքրքություն սերմանելու համար:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր գոհունակությունը հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը, որը նպաստեց երիտասարդներին ինքնադրսևորվելու և լավագույնս ներկայանալու համար: Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն էլ հույս հայտնեց, որ նման միջոցառումները շարունակական կլինեն և մասնակիցներին կպարգևեն ամենամեծ վայելքը՝ ստեղծագործելը:
Առաջին հորիզոնականում հաղթող ճանաչված Էդմոն Մակարյանը մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին և ասաց, որ թեև համալսարանական չէ, այնուհանդերձ Մայր բուհը համարում է ազգային արժեք, որը կրթական, գիտական և մշակութային կարևոր կենտրոն է:
Քնար Միսակյան