- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սեպտեմբեր 10, 2018 | 15:57
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն հրապարակել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: ԵՊՀ-ից ֆինանսավորման են երաշխավորվել 43 թեմաներ, որոնցից երկուսը ներկայացրել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
«Նանոկառուցվածքներում ալիքային դաշտերի արտապատկերումը ջերմաառաձգական ինդիկատորով օպտիկական մանրադիտակով» գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և գիտափորձի ավտոմատացման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արսեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց վերոնշյալ գիտական ծրագրի կարևորությունը և նպատակը:
Նշենք, որ հաղթող ճանաչված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհները տրամադրվելու են 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին:
Վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Արսեն Բաբաջանյանը հայտնեց, որ գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար իրենց խումբը բաղկացած է 5 անձից:
Թեմայի գիտական նպատակները
Առաջարկվում է ստեղծել միջավայրի ջերմաառաձգական հատկությունների վրա հիմնված էլեկտրամագնիսական դաշտերի արտապատկերման համակարգ, որն ընտրողաբար կկարողանա արտապատկերել ջերմային, էլեկտրական և մագնիսական դաշտերի բաշխվածությունները։
Տեխնոլոգիաների ժամանակակից մրցավազքում ֆիզիկական մեծ զգայունությամբ և տարածական լուծունակությամբ մեծությունների գրանցումը ժամանակի հրամայականն է։ Այն խթանում է ֆիզիկական մեծությունները գրանցող սարքերի կատարելագործումը, ինչպես նաև նորագույն համակարգերի նախագծումը և մշակումը։
Ծրագրի ավարտին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը կունենա լաբորատոր սարքի նախատիպ, որը թույլ կտա ստանդարտացնելու օպտիկական արտապատկերման համակարգը: Այն կունենա խիստ կիրառական և գիտական նշանակություն ԵՊՀ գիտաշխատողների և ուսանողների համար:
Արտապատկերման համակարգում համապատասխան ինդիկատորի ընտրությամբ կարելի է ընտրողաբար արտապատկերել ջերմային, էլեկտրական կամ մագնիսական դաշտերի բաշխվածությունները, որոնք աշխատանքի տարբեր ռեժիմներում կարող են օգնել բացահայտելու սարքերում կառուցվածքային և նախագծային թերություններն ու խոտորումները:
Գիտական ծրագիրը ներկայացնող խմբի ունեցած ձեռքբերումները և ակնկալվող արդյունքները
Խմբի կողմից արդեն մշակվել է արտապատկերման համակարգի լաբորատոր նախատիպը, իսկ առանցքային հարցերը լուսաբանող խնդիրների համար կատարվել են համակարգչային մոդելավորումներ: Կան համատեղ հետազոտություններ արտասահմանյան գործընկեր լաբորատորիաների (Սեուլի Սոգանգի համասարան, Հարավդանեական համալսարան) հետ:
Ներկայացված թեմայի շրջանակում տպագրվել է 27 գիտական աշխատանք:
Նշենք, որ այս տարվա գիտական ծրագրերի թեմատիկ ֆինանսավորման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 417 հայտ: Մրցույթի արդյունքների ամփոփման 1-ին փուլում ֆինանսավորման են երաշխավորվել 164 գիտական ծրագրեր:
Ծրագրերի ֆինանսավորումը սկսվելու է սեպտեմբերի 1-ից՝ նախատեսված ժամկետից երկու ամիս ուշ, ինչը, ըստ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պաշտոնական տեղեկատվության, հնարավորություն է տվել որոշակի չափով՝ մոտ 7 %-ով, ավելացնելու ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի քանակը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան