- Գլխավոր
- Նորություններ
- «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԻՆՔՆԱԿՐԹՎԵԼՈՒ ԱՄԵՆՕՐՅԱ ՆԵՐՈՒԺ». ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մայիս 16, 2020 | 19:32
Հասարակություն
«ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՏԱԼԻՍ Է ԻՆՔՆԱԿՐԹՎԵԼՈՒ ԱՄԵՆՕՐՅԱ ՆԵՐՈՒԺ». ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում «Դասը վարում է լրագրողը» նախաձեռնության շրջանակում հյուրընկալել էր լրագրող, խմբագիր, դասախոս Գոհար Մանուկյանին:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ն:
«Քայլ դեպի լրագրություն» առցանց դասախոսության սկզբում Գոհար Մանուկյանը նախ շնորհավորեց ԵՊՀ-ի հիմնադրման 101-րդ տարեդարձը, այնուհետև սկսեց դասախոսությունը, որի ընթացքում անդրադարձավ լրագրողի մասնագիտության առանձնահատկություններին, ինչպես նաև հեռուստատեսային լրագրության մի քանի կարևոր սկզբունքների:
«Քայլը դեպի լրագրություն որոշում է, որը պետք է սկսվի հենց ուսանողական տարիներին,-ասաց Գոհար Մանուկյանը,- երբ դու ուսանող ես, չես վախենում ոչ մի տեսակ փորձությունից ու ձախողումից, դու առաջ ես շարժվում՝ վստահ լինելով, որ տեղի ունեցածը պարզապես փորձ է, այն հիմքը, որի շնորհիվ հետագայում դառնալու ես կայացած մասնագետ»:
Բանախոսը խորհուրդ տվեց լրագրողի մասնագիտության հմտություններին տիրապետելու ճանապարհին հենց առաջին կուրսից սկսել թղթակցել տարբեր լրատվամիջոցների՝ հատկապես տպագիր մամուլին, քանի որ տպագիր մամուլը լրագրության սկիզբն է, որտեղ ապագա լրագրողը սովորում է գրել. «Գրել կարողանալը լրագրողի ամենակարևոր հմտություններից է, լրագրողական կարևոր գործիք, որի շնորհիվ նա կարող է ավելի լավ հոդվածներ, նյութեր գրել»:
Տպագիր մամուլում փորձը հնարավորություն է տալիս վստահ քայլ կատարելու նաև հեռուստատեսությունում, որը բոլորովին այլ աշխարհ է:
Գոհար Մնացականյանը պատմեց հեռուստատեսային լրագրության մարտահրավերների մասին՝ քայլ առ քայլ ներկայացնելով տպագիր մամուլից հեռուստատեսային լրագրություն անցումը. «Նախքան հեռուստատեսությունում լրագրողի գործունեություն ծավալելը շատ կարևոր է ծանոթանալ հեռուստատեսությանը, հեռուստատեսային գործիքներին և հասկանալ, թե ինչպես են այդ գործիքներն աշխատում տեսականորեն»:
Նրա խոսքով, եթե տպագիր մամուլում կարևոր են աղբյուրների հավաստիությունը, հետաքրքիր լուսանկարն ու ինֆոգրաֆիկան, ապա հեռուստատեսության գործիքներն ավելի շատ են:
«Այստեղ մենք կարող ենք մեր ասելիքը երկու մասի բաժանել՝ տեքստին ավելացնելով «լայվ», «սինխրոն», «ինտերշում», որով ավելի հետաքրքիր և հիշվող է դառնում տեսանյութը»,- ասաց բանախոսը:
Նա նաև հավելեց, որ հեռուստատեսությունը թրծում է մարդուն:
Անդրադառնալով լրագրողի մասնագիտական առանձնահատկություններին՝ Գոհար Մանուկյանն առանձնացրեց մի քանի կետեր, որոնք ապագա լրագրողի համար շատ կարևոր են:
Ըստ բանախոսի՝ լրագրողը պետք է ունենա պատասխանատվության զգացում թե՛ լսարանի, թե՛ խմբագրության հանդեպ:
«Լսարանը լրագրողին տրամադրում է իր թանկ ժամանակը, որպեսզի լինի տեղեկացված,-ասաց Գոհար Մանուկյանը,- 50 վայրկյանից մինչև 2 րոպեանոց տեսանյութում լրագրողը պետք է ներկայացնի և լուսաբանի իրադարձությունը և չփորձի որևէ աղբյուրի կամակատարը լինել»:
Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, ըստ բանախոսի, լրագրողի մշտական ինքնակրթվելու անհրաժեշտությունն է:
«Նախքան բուն նյութին անդրադառնալը լրագրողը պետք է լավ ուսումնասիրի թեման, կարդա համապատասխան գրականություն և միայն դրանից հետո գրի նյութը կամ կազմի հարցերը»,- ասաց Գոհար Մանուկյանը:
Նրա խոսքով, լրագրությունը մեզ տալիս է ինքնակրթվելու ամենօրյա ներուժ:
Գոհար Մանուկյանը փաստեց, որ բացի այս ամենից՝ լրագրողները նաև կազմակերպված մարդիկ են, քանի որ ստանալով այս կամ այն իրադարձությունը լուսաբանելու առաջադրանք՝ լրագրողն արդեն կազմակերպում և պլանավորում է իր օրը:
Բանախոսը շեշտեց նաև շատ կարդալու անհրաժեշտությունը, քանի որ շատ կարդալը հնարավորություն է տալիս վարժ գրելու:
Անդրադառնալով լրագրողի մասնագիտության բացասական կողմերին՝ Գոհար Մանուկյանն առանձնացրեց զբաղվածությունը. «Լրագրողն աշխատում է 24 ժամ, նա շատ քիչ ժամանակ ունի անձնական կյանքի համար»:
Բայց, ըստ բանախոսի, լրագրությունը շատ ճկուն է, և լրագրողը կարող է իր ընտրությունը կատարել:
Անի Պողոսյան