- Գլխավոր
- Նորություններ
- «ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՆՈՐՈՇՈՂ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Մայիս 23, 2020 | 17:58
Հասարակություն
«ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՆՈՐՈՇՈՂ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների և PR դպրոցի համար այսօր ‹‹Լռությունը՝ PR գործիք›› խորագրով առցանց դասախոսություն վարեց հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter), գերմանահայ Վազրիկ Բազիլը։
Դասախոսության սկզբում Վազրիկ Բազիլը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանին՝ հաղորդակցության և հանրային կապերի մասին խոսելու առիթը կրկին ընձեռելու համար:
Անդրադառնալով բուն թեմային՝ լռությանը, Վազրիկ Բազիլը նշեց, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե լռությունը խորթ է հաղորդակցությանը:
«Հաղորդակցության և հաղորդակցական գիտությունների մեջ լռությանը լուսանցքային են անդրադառնում, և այն շատ հաճախ վրիպում է մեր ուշադրությունից,- նկատեց Վազրիկ Բազիլը,- մոտեցումը նույն է նաև առանձնության, մենության և մոռացության նկատմամբ»:
Նրա խոսքով, մեզ կարող է թվալ, թե առանձնությունը կամ մենությունն ընկերության հականիշներն են , մոռացությունը հիշողության հականիշն է, իսկ լռությունը՝ հաղորդակցության․ «Եթե մենք հանգամանորեն անդրադառնանք այս երևույթներին, կտեսնենք, որ մենությունն իմաստ ունի միայն ընկերական շրջանակում, հիշողությունը՝ միայն մոռացության շնորհիվ, իսկ լռությունն էլ ոչ թե հաղորդակցության հականիշն է , այլ հաղորդակցության կերպն է››:
Թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն խոսելով՝ բանախոսն առանձնացրեց , որ լռությունը տարբեր մշակույթներում իր ուրույն և մեծ տեղ ունի, քանի որ կրոններն ու իմաստաիրական հոսանքները գնահատում են լեզվի կշռին ու ազդեցությունը և մարդկանց կոչ են անում լեզուն պատասխանատվությամբ օգտագործել․ «Լռությունն իմաստուն մարդկանց բնորոշող հատկանիշներից մեկն է»:
Նա պարզաբանեց, որ լռության խնդիրը կա նաև մղձավանջային տառապանքից հետո, երբ մարդիկ լռում են՝ չկարողանալով տառապանքի մասին խոսել , օրինակ, հրեաները՝ հոլոքոստից հետո, հայերը՝ ցեղասպանությունից հետո:
Ըստ բանախոսի, լռությունը պարտադրված է նաև մասնագիտորեն, օրինակ, բժիշկների, իրավաբանների դեպքում. նրանք իրավունք չունեն այցելուների մասին տեղեկատվություն տրամադրել:
Նրա խոսքով, լռությունն արդիական թեմա է նաև արվեստում:
Սահմանելով լռությունը հաղորդակցության մեջ՝ պարոն Բազիլը նշեց, որ հաղորդակցության մեջ լռությունը նշանակում է խոսքի ակնկալիքի բեկում. «Երբ մեկը մյուսից խոսքի ակնկալիք ունի, իսկ դիմացինն անձայն է մնում, այդ անձայնությունը մենք անվանում ենք լռություն»:
Դասախոսության ընթացքում Վազրիկ Բազիլն անդրադարձավ հաղորդակցության մեջ սեղմ իմաստով լռության վեց ազդեցություններին. լռությունը ստեղծում է անորոշություն, լռությունը սրում է ուշադրությունը, լռությունն իր շուրջն ասեկոսեներ է ստեղծում, լռությունն անվստահություն է ներշնչում, լռությունը մղում է խոսքի և լռությունը հարգանքի նշան է:
Անդրադառնալով այս վեց ազդեցություններին առանձին-առանձին՝ Վազրիկ Բազիլն ամենայն մանրամասնությամբ նկարագրեց դրանցից յուրաքանչյուրի կիրառման նպատակն ու ազդեցությունը:
Առցանց դասախոսության վերջում Վազրիկ Բազիլը պատասխանեց հետևորդների հարցերին:
Անի Պողոսյան