- Գլխավոր
- Նորություններ
- «ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ԻՍԿ ԱՎԵԼԻ ՓՈՐՁԱՌՈՒՆԵՐԸ՝ ՆՊԱՍՏՈՒՄ ԴՐԱՆՑ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ». ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Հոկտեմբեր 24, 2019 | 16:07
Քաղաքականություն
«ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ԻՍԿ ԱՎԵԼԻ ՓՈՐՁԱՌՈՒՆԵՐԸ՝ ՆՊԱՍՏՈՒՄ ԴՐԱՆՑ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ». ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի աշակերտները:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից ամիսներ շարունակ իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Նշենք, որ աշակերտները ցանկություն էին հայտնել լինել հենց Իրավագիտության ֆակուլտետում և ծանոթանալ վերջինիս գործունեությանը:
Ապագա դիմորդներին ողջունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Վերջինս աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, անդրադարձավ ուսումնական գործընթացը կազմակերպող 7 ամբիոններին, պրոֆեսորադասախոսական կազմին, երիտասարդ մասնագետների հետ ունեցած համագործակցությանը:
Նա նշեց, որ Իրավագիտության ֆակուլտետը մյուս բոլոր ֆակուլտետներից առանձնանում է, քանի որ այստեղ դասավանդում են 7 սերնդի ներկայացուցիչներ:
«Որպես կանոն, լավագույն մտքերն ու գաղափարներն ունենում են երիտասարդները, իսկ ավելի փորձառուները՝ նպաստում դրանց իրագործմանը»,- ընդգծեց դեկանը:
Անդրադառնալով իրավագետի մասնագիտությանը՝ դեկանը շեշտեց. «Ամբողջ աշխարհում իրավագիտությունը համարվում է էլիտար մասնագիտություն, ինչպես և բժշկագիտությունն ու տնտեսագիտությունը: Մասնագիտության էլիտարությունը պայմանավորված է հասարակության պահանջով: Դուք չեք կարող գտնել հանրային կյանքի որևէ բնագավառ, որտեղ անհրաժեշտ չլինի իրավաբանի աջակցությունը»:
Գ. Ղազինյանը խոսեց նաև ՀՀ և եվրոպական առաջատար բուհերի հետ ունեցած համագործակցությունների և հետագա ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում աշակերտները հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին ընդունելության կարգին, ընթացքին, աշխատաշուկայում իրավագետի մասնագիտության պահանջարկին, աշխատատեղերին:
Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Ավագյանն էլ աշակերտներին պատմեց ֆակուլտետի ուսանողական ակտիվ կյանքի, տարաբնույթ մրցույթների, բանավեճ-քննարկումների, գիտաժողովների և պրակտիկաների մասին:
ysu.am-ը զրուցեց նաև Իրավագիտություն մասնագիտություն ընտրող դիմորդների հետ: Մոնա Նազարյանը դեռ մանկուց երազել է, որ լավ իրավաբան է դառնալու:
Դեկանի հետ հանդիպումից և ֆակուլտետի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալուց հետո Մոնան վստահ է, որ դառնալու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող և լավ շրջանավարտ. «Ես ընտրելու եմ փաստաբանի մասնագիտացումը և կանեմ առավելագույնն այս ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը դառնալու համար»: