- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՒՄ ՈՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Նոյեմբեր 16, 2021 | 15:45
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՒՄ ՈՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր տեղի է ունեցել Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի բացման արարողությունը:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ ԳՊԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, հայաստանյան բուհերի ռեկտորներ, դեղագիտական մի շարք ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և բուհերի ներկայացուցիչներ:
Կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շրջանակում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված դրամաշնորհային ծրագրի միջոցներով, որի ղեկավարն էՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ա. Սաղյանը:
Մինչև միջոցառման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի և «Covid-19» համավարկի ընթացքում մահացած համալսարանականների հիշատակը:
«Իհարկե, այսօրվա միջոցառումը շատ ծանր նոտաներով ենք սկսում, սակայն պետք է ուրախությամբ փաստենք, որ Ֆարմացիայի ինստիտուտում ստեղծված նոր կենտրոնը կարևոր առաքելությունի ունի: Հիմնականում կենտրոնը երկու գործառույթ է իրականացնելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբանների պատրաստում և դեղարտադրական գործունեության ծավալում:
Կենտրոնի ստեղծման գաղափարը հասունացել է դեռևս 2016 թ., երբ հիմնադրվեց Ֆարմացիայի ինստիտուտը: Ինստիտուտում արդեն իսկ գործում է մագիստրոսական համապատասխան ծրագիր, որի ընդունելությունը հաջողությամբ իրականացվել է: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ միայն հզոր ու գերժամանակակից նյութատեխնիկական բազայով ու նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում կարելի է ժամանակի պահանջներին համապատասխան բարձրորակ մասնագետներ պատրաստել, ուստի այդ կենտրոնի բացումը շատ կարևոր է մեր հետագա գործունեության համար: Պակաս կարևոր չէ նաև ձեռնարկատիրական գործունեության ծավալումը, որի շրջանակում համագործակցելու ենք դեղագործական հեղինակավոր ընկերությունների ու գիտահետազոտական կենտրոնների հետ»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը և հավելեց, որ նորաստեղծ կենտրոնը խթանելու է ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում բուհերի, գործարար և գիտահետազոտական գործունեության ու նորարարությունների զարգացումը:
Աշոտ Սաղյանն ընդգծեց, որ կենտրոնի հիմնադրման նպատակը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ բարձրորակ դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստումն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորեց բոլորին կենտրոնի բացման կապակցությամբ և նշեց, որ ՀՀ կառավարությունն աջակցել ու շարունակելու է աջակցել նմանօրինակ ծրագրերի իրականացմանը. «ՀՀ կառավարությունը լուրջ ակնկալիքներ ունի ցանկացած նմանօրինակ ծրագրերից ու կենտրոնների գործարկումներից, քանի որ դրանց գործունեությունը պետք է հավելյալ հնարավորություններ ստեղծի զարգացման համար: Մասնավորապես այս կենտրոնը լրջորեն աջակցելու է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետին, որն այսօր լուրջ խնդիրների առջև է կանգնած: Նախարարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում վերադարձնելու հիմնարար գիտելիքների օրրան համարվող ԵՊՀ մի շարք ֆակուլտետների երբեմնի փառքը»:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել կենտրոնի բացման գործում:
«Այսօր, իրապես, շատ կարևոր օր է Մայր բուհի համար: Սա հրաշալի օրինակ է, երբ բիզնես ոլորտն ու կրթությունը համահունչ են քայլում: ԵՊՀ մյուս ֆակուլտետները նույնպես պետք է ձգտեն կրթություն-արտադրություն-մասնագետներ շրջափուլի մեջ մտնել և կոնկրետ արդյունքներ գրանցել: Ուրախ եմ, որ մեր գործընկեր կազմակերպություններն այսօր ներկա են և ակտիվորեն համագործակցում են կրթական հատվածի հետ: Ֆարմացիայի ինստիտուտի և դեղագործական կազմակերպությունների հետ համագործակցությունը, հիրավի, կարող է օրինակելի մոդել դառնալ մյուս կենտրոնների ու ֆակուլտետների համար: ԵՊՀ-ն պատրաստ է հանդես գալ նմանօրինակ ծրագրերի համաֆինանսավորմամբ, որպեսզի մեր պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն ունենան լավագույն պայմանները ստեղծագործական առաջընթացի համար»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը և հատուկ շնորհակալություն հայտնեց Աշոտ Սաղյանին հետևողական լինելու և ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Ելույթներից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն, շրջեցին լաբորատորիայում և ծանոթացան գերժամանակակից սարքավորումների աշխատանքներին ու հնարավորություններին: