- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՍՊԻՐԱՆՏ ՇՈՒՇԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» («ДОСТЫҚ») 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Հոկտեմբեր 02, 2020 | 16:58
Հասարակություն
ԵՊՀ ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՍՊԻՐԱՆՏ ՇՈՒՇԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» («ДОСТЫҚ») 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Ղազախստանի նախագահի հրամանագրով ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասպիրանտ Շուշանիկ Խաչատրյանն այսօր պարգևատրվել է «Բարեկամություն» («Достық») 2-րդ աստիճանի շքանշանով՝ Հայաստանի և Ղազախստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման և Աբայ Կունանբաևի ժառանգության քարոզչության համար։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Թիմուր Ուրազաևը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Գուրգեն Մելիքյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ճանաչված գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ուսանողներ, հարազատներ և ընկերներ։
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառման սկզբում Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նախ ողջունեց ներկաներին ու առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել այս օրերին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։
ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ անկախացումից հետո հայ-ղազախական մշակութային հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, երկու երկրներում էլ բացվել են դեսպանատներ․«Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Ղազախստանի դեսպանատան միջև համագործակցության շնորհիվ հրատարակվել է երեք հիմնարար գիրք՝ Ղազախական գրականության անթոլոգիան, Մուխթար Աուեզովի «Աբայ» վեպի երկրորդ հրատարակությունը (նոր խմբագրմամբ) և Աբայի «Սև խոսքեր» փիլիսոփայական պոեմը, որը հայերեն է թարգմանվել առաջին անգամ»։
Արթուր Իսրայելյանն ասաց, որ Երևանի պետական համալսարանի թյուրքագետները մեծն Աբայի 175-ամյակի նախօրեին համագործակցություն են ծավալել հայտնի հայ բանաստեղծների ու թարգմանիչների հետ և առաջին անգամ մեր ընթերցողին են ներկայացրել Աբայի, Շաքարիմի, Մաղժան Ժումաբաևի և այլ ղազախ դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների եզակի և փայլուն թարգմանությունները:
Պրոռեկտորը խոսեց ԵՊՀ թյուրքագիտության դպրոցի միջազգային բարձր հեղինակության մասին և նշեց, որ այսօրվա պարգևատրումը դրա վառ ապացույցներից մեկն է։
Նա շնորհավորեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտ Շուշանիկ Խաչատրյանին և շնորհակալություն հայտնեց նրա գիտական ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին՝ հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում ավանդի համար։
Հայաստանում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Թիմուր Ուրազաևը նույնպես ողջունեց ներկաներին և ասաց, որ 2020 թվականի օգոստոսի 10-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանով ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասպիրանտ Շուշանիկ Խաչատրյանը պարգևատրվել է պետական պարգևով՝ հայ-ղազախական մշակութային հարաբերություններում ունեցած ներդրման և ղազախ գրող, փիլիսոփա Աբայ Կունանբաևի ժառանգության ուսումնասիրության ու քարոզչության համար։
Նա նշեց, որ Երևանի պետական համալսարանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջմշակութային հարաբերությունների ամրապնդման և գիտակրթական համագործակցության զարգացման գործընացում․ «Մշակութային և հումանիտար համագործակցությունը միջպետական համագործակցության անբաժան և, իմ կարծիքով, ամենակարևոր մասն է»։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանին, հատկապես պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին, բանաստեղծ Վարուժան Խաստուրին, Արման Սաֆարյանին՝ Աբայի փիլիսոփայական պոեմի թարգմանության և անշահախնդիր աշխատանքի համար։ Նա խոսեց Հայաստանի և Ղազախստանի բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմության մասին, որի արդյունքը նաև ԵՊՀ-ում Ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնի ստեղծումն է, գիտական արդյունավետ համագործակցությունը և այսօր տեղի ունեցող պարգևատրումը:
Դեսպան Թիմուր Ուրազաևը նույնպես շնորհավորեց ԵՊՀ ասպիրանտին՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ։
Պաշտոնական արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
Նա նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին ժամանակ գտնելու և միջոցառմանը ներկա գտնվելու համար՝ չնայած երկրում առկա համաճարակին և պատերազմական իրադրությանը. «Կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել միջոցառմանը ներկա Գուրգեն Մելիքյանին, որը հայ արևելագիտական դպրոցի հիմնադիրներից է և իր անգնահատելի ներդրումն ունի այդ դպրոցի հիրավի միջազգային ճանաչման, զարգացման գործում:
Ալեքսանդր Սաֆարյանը շեշտեց, որ Երևանի պետական համալսարանը եղել է, կա ու կլինի կարևորագույն համագործակցության կամուրջ՝ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև. «Վերջին տասը տարում մեր ամբիոնի մասնագետների և ղազախ գործընկերների արդյունավետ համագործակցության շնորհիվ լույս են տեսել հայ-ղազախական դարավոր առնչություններին վերաբերող գիտական աշխատանքներ՝ տարբեր լեզուներով և տարբեր երկրներում, այդ թվում Ղազախստանում՝ ղազախերեն»:
Ալեքսանդր Սաֆարյանը երախտագիտություն հայտնեց նաև ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին՝ պարոն Թիմուր Ուրազաևին, որը որպես դիվանագետ, կազմակերպիչ և համապատասխան հրատարակությունների առաջաբանների համահեղինակ՝ համակողմանի աջակցել է ղազախական գրականության անթոլոգիայի և Աբայի 175-ամյակին ձոնված դիպտիխի հրատարակմանը:
Անդրադառնալով հայ-ղազախական արդյունավետ համագործակցությանը՝ Ալեքսանդր Սաֆարյանն անթաքույց հպարտությամբ արձանագրեց, որ այս գործընթացի ակունքներում կանգնած են եղել մեր մեծերը՝ խորհրդային շրջանի գրականության դասականներ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը և Պարույր Սևակը:
Ալեքսանդր Սաֆարյանն առանձնահատուկ շեշտեց, որ երկու երկրների մասնագետների ակտիվ և արդյունավետ համագործակցության շնորհիվ ղազախական գրականության նորանոր երկեր թարգմանվելու են հայերեն:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ պրոֆեսոր Սաֆարյանը շնորհավորեց ամբիոնի գործընկերներին և հատկապես ասպիրանտ Շուշանիկ Խաչատրյանին՝ Ղազախստանի բարձր պետական պարգևի արժանանալու համար՝ միաժամանակ նշելով, որ նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., թուրքմենական գրականության մասնագետ Ամալյա Պետրոսյանն էլ արժանացել է Թուրքմենստանի նախագահի՝ երիտասարդ գիտնականներին շնորհվող 1-ին կարգի մրցանակի, ինչը նույնպես աննախադեպ էր Մայր բուհի պատմության մեջ:
Հանդիսավոր արարողության վերջում ելույթ ունեցավ նաև Շուշանիկ Խաչատրյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին՝ համակողմանի աջակցության համար. «Լիահույս եմ, որ ապագայում ևս հայ-ղազախական համագործակցությունը մշակութային և ակադեմիական ոլորտում կշարունակվի, և մենք կկարողանանք հայ ընթերցողին ներկայացնել ղազախական գրականության արժեքավոր գործերը»:
Վերջում Հայաստանում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան պարոն Թիմուր Ուրազաևը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի ասպիրանտ Շուշանիկ Խաչատրյանին հանձնեց «Բարեկամություն» («Достық») 2-րդ աստիճանի շքանշանը։