- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 95-ԱՄՅԱԿԻՆ
Հունվար 30, 2019 | 15:30
Ուսանողական
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 95-ԱՄՅԱԿԻՆ
Սևակյան հուշեր, նամակներ, բանաստեղծություններ, մենագրություններ, ինքնակենսագրական փաստեր. այսօր Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում սևակյան շունչն էր, ասելիքը, ժառանգությունը:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, ՈՒԽ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ և թարգմանիչ Պարույր Սևակի 95-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Պարույր Սևակի թոռը՝ Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս Սևակ Ղազարյանը, ֆակուլտետի ուսանողներ, Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ:
Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի հանրային հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը:
Վերջինս նկատեց, որ այս տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Սևակի հոբելյանական 95-ամյակով. «Միջոցառումները շարունակական են լինելու: Մեր պարտքն է հիշել ու փառաբանել մեր մեծերին»:
Հայ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Վարսե Առաքելյանի խոսքով, Պարույր Սևակի մնայուն էջերն ընթերցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են աշխարհն ու մարդկանց. «Ես կարդում եմ Սևակ, ու ներսս լցվում է մարդկանց ու աշխարհի հանդեպ սիրով»:
Իսկ Սևակ Ղազարյանը ներկաների հետ կիսվեց բանաստեղծի ինքնակենսագրական հուշերով՝ սկսելով հենց անվանի գրականագետի ծննդից:
«Շփոթություն կա, որ Սևակը ծնվել է ոչ թե հունվարի 24-ին, այլ 26-ին: Իմացե՛ք՝ Պարույր Սևակի ծննդյան օրը 1924 թ. հունվարի 24-ն է, իսկ 26-ին գրանցվել է մի պարզ պատճառով. Սևակի ծննդյան օրը ռուս հեղափոխական գործիչ Վլադիմիր Լենինի մահվան օրն էր, երբ երկրում սուգ էր հայտարարվել, և որևէ մեկն իրավունք չուներ երեխայի ծնունդ նշելու կամ նույնիսկ գրանցելու»,- պարզաբանեց բանաստեղծի թոռը:
Ղազարյանը փաստեց նաև, որ Սևակի՝ բանաստեղծ դառնալու ճանապարհին ակնհայտ է եղել Եղիշե Չարենցի ազդեցությունը:
Սևակյան շունչն ավելի նկատելի դարձավ, երբ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները կարդացին անվանի բանաստեղծի արժեքավոր բանաստեղծությունները, խոհերն ու զգայական ապրումների պոռթկումները:
Օդը լցվեց Սևակով:
Անգին Խաչատրյան