- Գլխավոր
- Նորություններ
- ԼԵՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆԵՅՐՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպտեմբեր 12, 2018 | 17:43
Կրթություն
Գիտություն
ԼԵՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆԵՅՐՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Լեհաստանի Ս. Վիշինսկու անվան համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Տուրլեյսկին հադես եկավ «Ժամանակակից նեյրոկենսաբանության ուղղությունները» թեմայով դասախոսությամբ:
Նշենք, որ լեհ դասախոսի այցը «Erasmus+» ծրագրի շրջանակում նախաձեռնել էր Կենսաբանության ֆակուլտետը:
Դասախոսությանը մասնակցում էին Կենսաբանության ֆակուլտետի դասախոսները, գիտաշխատողները և ուսանողները:
Դասախոսության ընթացքում Քշիշտոֆ Տուրլեյսկին ներկայացրեց Ս. Վիշինսկու անվան համալսարանը, ԵՊՀ-ի հետ համագործակցության ընթացքում իրականացված գիտական ծրագրերը, դրանց արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ նեյրոկենսաբանության ժամանակակից ուղղություններին:
«Յուրաքանչյուր փորձ սկսելիս հարկավոր է հստակեցնել խնդիրը և դրան հասնելու հիմնական մեթոդները: Քանի որ այժմ ուսումնասիրության մեթոդները շատ արագ են փոփոխվում ու զարգանում, ապա անհրաժեշտ է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ նորից սովորել նոր տեխնոլոգիաներ, ծանոթանալ նոր լաբորատոր սարքերին ու նոր համակարգչային ծրագրերին»,-ասաց Քշիշտոֆ Տուրլեյսկին:
Նա նաև անդրադարձավ վերջին 25 տարիների ընթացքում իր կողմից կատարված վարքագծային և նեյրոկենսաբանական ուսումնասիրություններին, մասնավորապես՝ կաթնասունների տարբեր դասերի ներկայացուցիչների գլխուղեղում տեղի ունեցող պրոցեսների ուսումնասիրությունների արդյունքներին:
Ք. Տուրլեյսկին ներկայացրեց նաև Ս. Վիշինսկու անվան համալսարանում և Նենցկու անվան փորձարարական կենսաբանության ինստիտուտում գործող գիտական ծրագրերը, որտեղ կարող են մասնագիտանալ ԵՊՀ ուսանողները ու գիտաշխատողները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան