- Գլխավոր
- Նորություններ
- «ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 14, 2022 | 12:16
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
«ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԸ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության և արտասահմանյան գրականության ամբիոնների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Պոստմոդեռնիզմը հումանիտար ոլորտներում» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 30-ամյակին։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Հ. Հովհաննիսյանը խոսեց պոստմոդեռնիզմի ազդեցությունների մասին. «Երբ մենք դիտարկում ենք ժամանակակից աշխարհը, թվում է՝ ապրում ենք հնադարում կամ միջնադարում։ 21-րդ դարում տեղի ունեցող պատերազմները և շատ այլ բացասական երևույթներ գիտնականներին խորհելու տեղիք են տալիս և մղում են ուսումնասիրելու, քննարկելու և հասկանալու՝ ինչպես ձերբազատվել պոստմոդեռնիստական դարաշրջանի այս արատներից: Ես չափազանց կարևոր եմ համարում այսօրինակ քննարկումները։ Իմ ռազմավարական ծրագրում կա ԵՊՀ-ն միջազգային ճանաչում ունեցող գիտակրթական հաստատություն դարձնելը, և այդ ճանապարհին միջազգային տարաբնույթ միջոցառումներն էական նշանակություն ունեն, քանի որ դրանք ակտիվացնում են մեր միջազգային համագործակցությունները և խթանում գիտական մտքի զարգացումը: Ես պատրաստ եմ աջակցելու միջազգային և տարածաշրջանային նշանակալի միջոցառումներին, որը կնպաստի նոր մտքերի գեներացմանն ու շրջանառությանը»։
ԵԼՀ ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյանը գիտաժողովի թեմայի ընտրությունը կապեց մերօրյա իրականության հետ. «Թեմայի ընտրության հարցում առաջնորդվել ենք այն գաղափարով, որ ժամանակակից աշխարհը՝ շատ բարդ ու գերհագեցած ագրեսիայով, անհանդուրժողականությամբ ու ատելությամբ, իրապես կարծես գլխիվար շրջված լինի, ու որքան էլ խաղաղության, փոխըմբռնման ու փոխադարձ սիրո քարոզները բարձրաձայն հնչեն, միևնույնն է, այդ ամենն իմաստազրկվում է այս դաժան աշխարհում››:
Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Անուշ Սեդրակյանը, խոսելով ԵԼՀ երկու ամբիոնների համատեղ նախաձեռնության մասին, նշեց. ‹‹Սա չափազանց արդյունավետ համագործակցություն է, ինչին նպաստում է նաև գիտաժողովի թեմայի ընտրությունը, քանի որ պոստմոդեռնիստական զարգացումները հուզում և մտահոգում են ամբողջ աշխարհին: Սովորաբար երբ 2 ամբիոններ համագործակում են, հիմքում լինում է փոխլրացումը. պոստմոդեռնիզմի տարածքն ընդլայնվում է՝ ներառելով գրականությունը, լեզվական դիսկուրսը և մեր կյանքի շատ այլ ոլորտներ: Բացի դրանից՝ համաճարակային և պատերազմական իրողությունների ազդեցությամբ պայմանավորված՝ ակադեմիական կյանքը մի տեսակ դուրս էր մղված ուշադրությունից և անհրաժեշտություն կար այն ակտիվացնելու››:
Ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը կարևորեց այն, որ գիտաժողովը համախմբում է աշխարհի տարբեր երկրների գիտական հանրության ներկայացուցիչներին: Այս փաստը նոր ու ինքնատիպ շունչ է հաղորդում գիտական քննարկումներին, և արձանագրվում են գիտական նոր նվաճումներ. ‹‹Գիտաժողովն իր շուրջն է համախմբել աշխարհի տարբեր հատվածներից բազմաթիվ մասնագետների, լեզվաբանների, գրականագետների և քաղաքագետների: Այն հումանիտար մտքի յուրօրինակ սինթեզ է››:
Զեկուցողների ուշադրության կենտրոնում պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանի գլխավոր բնութագրական գծերն են, որոնք ոչ միայն իրենց ազդեցությունն են տարածում գրականության, լեզվաբանության, փիլիսոփայության և արվեստի բնագավառների վրա, այլև դրսևորվում են հանրային ու քաղաքական հարաբերությունների դաշտում։
Գիտաժողովի մասնակից Դիլան Ուոլլերը, կարևորելով նմանատիպ գիտաժողովների դերը, նշեց. ‹‹Կարծում եմ ՝ սա շատ կարևոր գիտաժողով է, քանի որ անդրադառնում է ոչ միայն բանասիրության, այլև հանրային կյանքի կարևոր խնդիրներին: Երևանի պետական համալսարանն իսկապես շատ լավ աշխատանք է կատարում՝ կազմակերպելով նմանատիպ գիտաժողովներ ու միջոցառումներ՝ նվիրված արդիական հարցերին: Ես շատ համալսարանների հետ եմ աշխատել, և կարող եմ փաստել, որ ԵՊՀ գործունեությունն անհամեմատ բարձրամակարդակ է: Չեմ կարող չնշել նաև երիտասարդ սերնդի և հատկապես ուսանողների հետաքրքրվածության աստիճանը, որը հիացմունք է առաջացնում››։