- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ԱՐԹՆԱՆԱԼԻՍ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՔ ԿՐԿԻՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ ԵՐԵԿՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ». ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆ
Հոկտեմբեր 29, 2019 | 16:19
«ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ԱՐԹՆԱՆԱԼԻՍ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՔ ԿՐԿԻՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ ԵՐԵԿՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ». ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ռումինիայի արքայազն Ռադուի հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:
Հանդիպման սկզբում արքայազն Ռադուն ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց համալսարանին այցելությունը կազմակերպելու համար:
«Ուզում եմ ինձ ընձեռված այս հնարավորությունից օգտվել և ինչպես իմ երկրի, այնպես էլ իմ անունից շնորհավորել համալսարանի հիմնադրման հարյուրամյակը»,- ասաց արքայազն Ռադուն՝ նշելով, որ 1919 թվականը ձեռքբերումներով լի է եղել նաև Ռումինիայի պատմության մեջ:
Ելույթում արքայազնն անդրադարձավ նաև հայ-ռումինական դարավոր բարեկամությանը՝ առանձնահատուկ շեշտելով այդ հարցում Ռումինիայի հայկական համայնքի ունեցած դերն ու հեղինակությունը. «Հարկ է նշել, որ Ռումինիան միշտ էլ հատուկ վերաբերմունք է ցուցաբերել հայ ժողովրդի տառապանքների նկատմամբ, և այդ ջերմ վերաբերմունքը շարունակվում է մինչ օրս»:
Արքայազն Ռադուն խոսեց նաև Ռումինիայի պատմության բարդ ժամանակների մասին, որոնցից մեկը Խորհրդային Միության փլուզումն էր:
«Ռումինիայի պատմության մեջ հեշտ ժամանակներ չէին, և մեր սերնդի համար հեշտ չէր շարունակել երկրի առաջընթացն ու զարգացումը, կառուցել հարաբերություններ հարևան երկրների հետ»,- նշեց արքայազնը:
Խոսելով ժամանակակից երիտասարդների մասին՝ արքայազն Ռադուն մատնանշեց, որ նրանք պետք է հստակ գիտակցեն՝ համալսարանում են ոչ միայն սովորելու, այլև համոզվելու համար, որ երկիրը զարգացման ճիշտ ուղի է ընտրել:
Նրա խոսքով, ժամանակակից սերունդն իր տրամադրության տակ ավելի լայն հնարավորություններ ունի սեփական երկիրն ու նրա արժեքները ներկայացնելու համար:
«Երիտասարդությունը պետք է հասկանա, որ իր խնդիրը ոչ միայն սեփական մասնագիտությունը, այլև երկիրը պատշաճ ներկայացնելն է, և նա պետք է շահագրգռված լինի սեփական երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու գործում»,- ասաց արքայազն Ռադուն:
Անկեղծանալով ուսանողների առջև՝ նա փաստեց, որ սեփական փորձով կարող է ասել, որ այն ձեռքբերումները, որոնց մարդը հասնում է և ունենում իր կյանքում, հավերժական չեն, քանի որ դրանք հնարավոր չէ երկար պահել: Այս կանոնը շատ լավ ծանոթ է հատկապես սպորտսմեններին:
«Ամեն ինչ մի վայրկյանում կարող է փոխվել, և այն ամենը, ինչին հասել եք, նույնպես փոխվելու է, և սա վատատեսություն չէ,- ասաց արքայազն Ռադուն,- ամեն առավոտ արթնանալիս դուք պետք է պատրաստ լինեք կրկին կառուցելու, այլ ոչ թե բավարարվելու երեկվա արդյունքներով»:
Վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը տվեցին հյուրին, այնուհետև հյուրերը շրջեցին ԵՊՀ-ում:
Անի Պողոսյան