- Գլխավոր
- Նորություններ
- ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԱՅՑԵԼՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿՈՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոկտեմբեր 23, 2019 | 16:25
Գիտություն
ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԱՅՑԵԼՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿՈՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հերթական անգամ ԵՊՀ է այցելել Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից հաստատված «18T-1F261» ծածկագրով «Արքեաների կենսաբազմազանությունը և էկոլոգիական գործառույթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում» թեմայի խորհրդատու Նիլս-Կորե Բիրկելանդը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Բերգենի համալսարանի երկարամյա համագործակցության շրջանակում այսօր կենսաբան մագիստրոսները հնարավորություն ունեցան ունկնդրելու մանրէաբանության արդի հիմնախնդիրների վերաբերյալ պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդի դասախոսությունները:
ԵՊՀ այցելու պրոֆեսորը մասնագիտական թեմաներով դասախոսություններ է կարդալու երկու օր շարունակ: Այսօրվա դասախոսությունները նվիրված էին կյանքի ոչ նպաստավոր պայմաններում մեթանը յուրացնող մանրէների՝ մեթանատրոֆների կենսաբազմազանությանը և էկոլոգիական գործառույթին: Հաջորդ հանդիպման ժամանակ նա կխոսի անթթվածին պայմաններում մանրէների կենսաբազմազանության, տարրերի կենսերկրաքիմիական շրջապտույտում դրանց դերի մասին:
Ընտրված թեմաներն արդիական են: Բազմաթիվ մանրէաբանների ուշադրությունը սևեռված է ներկայումս ծայրահեղասեր (էքստրեմոֆիլ) մանրէների վրա, որոնք ունակ են գոյատևելու տարբեր գործոնների՝ ջերմաստիճանի, աղի, միջավայրերի թթվայնության, ճնշման ծայրահեղ դրսևորումներով բնորոշվող պայմաններում: Դրանք արտադրում են տարբեր գործոնների նկատմամբ կայուն ֆերմենտներ և այլ կենսամոլեկուլներ, որոնք իրենց մենահատուկ հատկությունների շնորհիվ լայն կիրառություն են գտնում առաջատար կենսատեխնոլոգիաներում:
Այս մանրէների հետազոտումը թույլ է տալիս պարզելու մեթանատրոֆայի նշանակությունը ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետման և Երկիր մոլորակի ջերմային կարգավորման մեջ դրանց դերի մասին: Ավելին՝ այդ մանրէների վերաբերյալ պատկերացումները հնարավորություն են ընձեռում վերանայելու կյանքի հնարավոր սահմանները:
Բերգենի համալսարանի, մասնավորապես Նիլս-Կորե Բիրկելանդի հետ համագործակցությունը բավականին ակտիվ է և արդյունավետ:
Ներկայումս ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը Բերգենի համալսարանի հետ համատեղ հաջողությամբ իրականացնում է «Մետաքսի ուղին գիտության մեջ» խորհրդանշական անվանումը կրող երկու դրամաշնորհային ծրագիր, որտեղ ընդգրկված են նաև Չինաստանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը: Այդ դրամաշնորհում ԵՊՀ-ն առանցքային դերակատարում ունի՝ յուրօրինակ գիտական կամուրջ դառնալով եվրոպական և ասիական համալսարանների միջև:
Հավելենք նաև, որ գիտական միջոցառումներից զատ՝ պրոֆ. Ն. Բիրկելանդն ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում: Իսկ երեկ նա սեփական նախաձեռնությամբ և իր իսկ միջոցներով Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ծառերի պուրակում, Հայոց եղեռնի զոհերի հիշատակին դեռևս 2011 թվականին Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի կողմից տնկված, բայց դժբախտաբար չորացած ծառի փոխարեն տնկել է նոր եղևնի:
Լինելով Ֆ. Նանսենի անվան ոսկե մեդալակիր՝ նա անխախտ է պահում հայ-նորվեգական բազմամյա բարեկամությունը:
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը