- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ «ԿԱԼՈՐԻՄԵՏՐԻԱ» ԳՐՔՈՒՄ
Սեպտեմբեր 05, 2018 | 12:21
Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ «ԿԱԼՈՐԻՄԵՏՐԻԱ» ԳՐՔՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Պողոս Վարդևանյանի և ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կարապետյանի հեղինակությամբ ««Ամրակային կալորիմետրիան» որպես մակրոմոլեկուլների թերմոդինամիկական պարամետրերի որոշման գործիք» վերնագրով աշխատությունը լույս է տեսել «Կալորիմետրիա» 5 գլխից բաղկացած գրքում:
Նշենք, որ այդ գիրքը Մեծ Բրիտանիայում հրատարակվել է «Web of Science» հայտնի շտեմարանում ինդեքսավորված «IntechOpen» հրատարակչական տան կողմից:
Պողոս Վարդևանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերոնշյալ գրքում 3-րդ գլուխն ամբողջությամբ գրված է իր և համահեղինակ Արմեն Կարապետյանի կողմից: «Այն, ըստ էության, տասնամյակների ընթացքում ստեղծված և կուտակված փորձարարական ու տեսական աշխատանքների հանրագումարն է, որն օգտակար կլինի հարակից մասնագիտություններով մասնագիտացող մագիստրանտների, ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար, ովքեր հետազոտություններ են իրականացնում ֆիզիկական քիմիայի, մոլեկուլային ֆիզիկայի և կենսաֆիզիկայի բնագավառներում»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորը:
Նա նշեց նաև, որ ներկայումս կալորիմետրիայի մեթոդը, շնորհիվ հաշվողական տեխնիկայի զարգացման, աննախադեպ վերելք է ապրել և մակրոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրությունների մեջ ունի իր ուրույն տեղը:
«Տարիներ շարունակ մշակել և զարգացրել ենք մի եղանակ, որը հիմնված է սպեկտրալ չափումների վրա և որոշ ուսումնասիրությունների դեպքում իր ճշգրտությամբ չի զիջում բուն կալորիմետրիկ չափումներին: Այն զարգացել է մաթեմատիկական բազայի ստեղծման հիման վրա և որոշ իրավիճակներում նույնիսկ ավելի նախընտրելի է, քան ուղղակի կալորիմետրիկ չափումները»,-ասաց նա:
Պողոս Վարդևանյանի խոսքով, «Ամրակային կալորիմետրիայի» մեթոդը թույլ է տալիս որոշելու թերմոդինամիկական որոշ պարամետրեր՝ ելնելով սպեկտրալ չափումներից: «Այն ավելի մատչելի է, հետազոտվող նյութի քանակությունն անհամեմատ քիչ է և ջերմապարունակության փոքր արժեքների դեպքում ստացվող արդյունքների ճշգրտությունն ավելի է մեծանում, ինչն ավելի նախընտրելի է դարձնում այս մեթոդի կիրառությունը»,- հավելեց պրոֆեսորը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան