- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ապրիլ 19, 2019 | 14:49
Քաղաքականություն
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 94 ավագ դպրոցի աշակերտները:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Ապագա դիմորդները նախ եղան Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում, որտեղ դոցենտ Մարգարիտա Պետրոսյանը ներկայացրեց ամբիոնի կառուցվածքը, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան և աշակերտներին ծանոթացրեց բույսերի աճի ու զարգացման ֆիզիոլոգիային:
11-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աթաբեկյանն ընտրել է կենսաբանությունը՝ որպես ապագա մասնագիտություն:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ պետք է որոշակի գիտելիքներ ունենա «Կենսաբանություն» առարկայից:
«Կյանք բառն ասելով՝ այն միանգամից կապում եմ կենսաբանության հետ, ուստի ապագա մասնագիտությունս արդեն որոշել եմ»,- նշեց Լիանան:
Երևանի թիվ 94 ավագ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շաղիկ Ղազարյանը, որն ուղեկցում էր աշակերտներին, նշեց, որ դպրոցը հագեցած չէ լաբորատորիաներով և սարքավորումներով. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում կատարելու ցանկացած փորձ՝ այդպիսով ամրապնդելով իրենց տեսական գիտելիքները:
Հավելենք, որ ՀՀ դպրոցներ այցելություններն ու ԵՊՀ դասախոսների հյուրընկալությունները Երևանի և մարզային դպրոցներ շարունակական են լինելու: