- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ԵՎ ԵՊՀ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Նոյեմբեր 15, 2019 | 15:05
Կրթություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ԵՎ ԵՊՀ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին, իսկ Երևանի թիվ 190 դպրոցը՝ ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտներ Ռուբեն Մովսեսյանին և Հարություն Մովսիսյանին։
Նշենք, որ մասնագիտական կողմնորոշման նպատակով այցը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։
ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտներն ավագ դասարանների ավելի քան 100 աշակերտի համար դասախոսություններ են կարդացել «Հանքաարդյունաբերությունը և բնապահպանությունը ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում աշակերտներին տեղեկություն է տրվել ՀՀ-ի ընդերքի, հանքերի ու դրանց շահագործման, բնությանը հասցրած հնարավոր վնասների ու դրանք նվազագույնի հասցնելու մասին։
Հարցուպատասխանի միջոցով թիվ 190 դպրոցի բարձրդասարանցիներն իմացան նաև բնապահպանական կազմակերպությունների ու դրանց գործունեության մասին։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնում թիվ 4 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների համար «Քարոլորտ» թեմայով դասախոսություն կարդաց ամբիոնի դոցնետ Սամվել Առաքելյանը։
Նա ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի անվան Հայաստանի երկրաբանության կաբինետ-թանգարանում ինտերակտիվ դաս անցկացրեց աշխարհի երկրակեղևի մասին՝ տեղեկացնելով, որ մայրցամաքային երկրակեղևի առավելագույն հաստությունը 80 կմ է, և այն կազմված է երեք շերտից՝ նստվածքային, գրանիտային, բազալտային:
Բանախոսը պատմեց նաև երկրակեղևի ուսումնասիրության մասին՝ նշելով, որ մեթոդներից մեկն էլ երկրաբանական փորվածքներն են՝ հորատանցքերը։
«Ամենամեծ հորատանցքը փորվել է Ռուսաստանի Կոլայի թերակղզում։ Աշխատանքները տևել են 7-8 տարի, ինչի շնորհիվ հորատանցքի խորությունն այսօր հասնում է 12,5 կմ-ի»,- նշեց Ս․Առաքելյանը։
Բանախոսը խոսեց նաև աշխարհագրական տարատեսակ գոտիների մասին՝ պատասխանելով աշակերտների հարցերին։
Մարինա Առաքելյան