- Գլխավոր
- Նորություններ
- ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Ապրիլ 26, 2019 | 14:43
Հասարակություն
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները:
Նշենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Երևանի թիվ 105 դպրոցի բնագիտական հոսքի աշակերտներն արդեն երրորդ անգամ է` այցելում են Քիմիայի ֆակուլտետ, լսում դասախոսություններ և իրենց քիմիական փորձերն անցկացնում հենց ֆակուլտետի լաբորատորիաներում։
Այս անգամ նրանց դիմավորեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսորներ Գագիկ Մելիքյանը և Գայանե Թոքմաջյանը ու նույն ամբիոնի դոցենտ Լուսինե Կարապետյանը։ Գագիկ Մելիքյանը նաև ՀՀ ոստիկանության հոգեմետ նյութերի և թմրանյութերի հարցերով խորհրդականն է:
Գ․ Թոքմաջյանը դասախոսություն կարդաց բուրավետ նյութերի, յուղերի և առհասարակ օծանելիքների, դրանց ստացման մեթոդների մասին։ Իսկ պրոֆեսոր Գ․ Մելիքյանի դասախոսությունը հոգեմետ նյութերի մասին էր։ Նա ասաց, որ ՀՀ-ում թմրամիջոցներ օգտագործում է հասարակության 1 տոկոսը։ Դասախոսության ընթացքում պրոֆեսորը հարցուպատասխանի ձևաչափով բացատրեց, թե ինչպես են թմրանյութերն ազդում մարդու վրա, ինչ վնասակար և երբեմն էլ օգտակար հատկություններ ունեն։
Քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Կարապետյանն էլ աշակերտների համար օրգանական քիմիայի վերաբերյալ դասախոսություն կարդաց և օգնեց նրանց թեմատիկ փորձեր կատարել լաբորատորիայում։ Լ․ Կարապետյանի խոսքով, բուհ-դպրոց համագործակցությունը լավ հնարավորություն է աշակերտների տեսական գիտելիքները գործնական հարթակներում փորձելու համար։
Հավելենք, որ ՀՀ դպրոցներ այցելություններն ու ԵՊՀ դասախոսների հյուրընկալությունները Երևանի և մարզային դպրոցներ շարունակական են լինելու: