- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՕՐ 2-ՐԴ
Հունիս 23, 2018 | 14:52
Կրթություն
«ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՕՐ 2-ՐԴ
Հայաստանի ամերիկյան համալսարանում շարունակվում է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպվել է երեք համալսարանների՝ Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Բեյրութի հայկազյան, ինչպես նաև «Հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Բուն TV» առցանց ալիքի, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամի աջակցությամբ։
Գիտաժողովը բացվեց Բեյրութի հայկազյան համալսարանի ռեկտորի ողջույնի խոսքով, ով թեև ներկա չէր գիտաժողովին, բայց մասնակիցներին փոխանցել էր իր ողջույնի նամակը, որում անդրադարձել էր գիտաժողովի թեմային՝ ներկայացնելով իր առաջարկները, որոնք 4-ն էին ՝օգտագործել այն հարուստ փորձը, որն ունի Սփյուռքը, ընդունել, որ Հայաստանը միատարր չէ, և պետք է ճանաչենք ինքներս մեզ՝ որպես բազմազան, այլ ոչ հոմոգեն ժողովուրդ, փորձել ջանքեր գործադրել հայկական կյանքի տեսակը մշտապես պահպանելու համար:
Այնուհետև հյուրերն ելույթ ունեցան առանցքային զեկույցներով:
Առաջինը զեկույցով հանդես եկավ Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ծագման պատմությանը, խոսեց նախկին համակարգում բիզնեսի և քաղաքականության սերտաճման պայմանների անհրաժեշտության և ժողովրդի կողմից ձեռնարկած պատասխան քայլերի մասին: «Քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորումն անհրաժեշտություն էր նախկին իշխանությունների համար՝ համակարգը սեփական ձեռքերում պահելու նպատակով: Արդյունքում օլիգարխների միջև տեղի ունեցավ որոշ բնագավառների բաժանում և կիսում: Հայաստանում ձևավորվեց քրեաօլիգարխիկ համակարգ, որի դեմոնտաժման գործընթացին էլ մենք հիմա ականատես ենք լինում»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Փորձելով սահմանել Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ Մանվել Սարգսյանը բարձրացրեց հետևյալ հարցը. արդյո՞ք տեղի ունեցածը հեղափոխություն է, թե՞ պարզապես սոցիալական բունտ: «Հայաստանն իր երրորդ հանրապետության տարիներին այդպես էլ չի կարողացել քաղաքական որոշակի ինստիտուտներ ստեղծել,- իր զեկույցում ասաց Մանվել Սարգսյանը,- տապալելով առաջին ընտրությունները՝ Հայաստանում պարալիզացվեց նաև երկրորդ ամենակարևոր ինստիտուտը՝ դատական համակարգը: Արդյունքում տեղի ունեցավ իշխանության յուրացում, և հետագա բոլոր քայլերը միտված էին յուրացված իշխանությունը պահելուն»:
Խոսելով Հայաստանում մեկ այլ կարևոր խնդրի՝ սեփականության մասին՝ բանախոսն անդրադարձավ այն բացերին, որն ունի այդ ինստիտուտը: «Հայաստանում սեփականության խնդիրը կապված է պետական լծակների հետ. հենց այս փաստն է նպաստել, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են,- ասաց Մանվել Սարգսյանը,- անօրինական կուտակված սեփականությունը, բացի իշխանական լծակներին տիրանալուց, ուրիշ կերպ հնարավոր չէ պաշտպանել: Այդ պատճառով բոլորը ձգտում էին ունենալ իրենց դերը կառավարման համակարգում. արդյունքում պետությունը ձախողվեց»:
Անդրադառնալով խնդրի լուծման ճանապարհներին՝ բանախոսը նշեց երկու կարևոր կետ՝ կարգավորել քաղաքական ու տնտեսական դաշտը, նաև սեփականության մասին նոր օրենք ընդունել:
Հաջորդ բանախոսը Ռոնալդ Գրիգոր Սյունին էր, որը Միչիգանի համալսարանում պատմության և քաղաքագիտության պրոֆեսոր է: Իր զեկույցում վերջինս անդրադարձ կատարեց Առաջին Հանրապետության ձևավորման պատմական պայմաններին ու նոր և անփորձ կառավարության գործած սխալներին ու բացթողումներին: «Ողբերգություններով շրջապատված, բավականին բարդ քաղաքական համատեքստում՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ: Ոմանց համար Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը հպարտանալու առիթ է, ոմանց համար՝ ձախողման օրինակ: Բայց փաստն այն է, որ Առաջին Հանրապետության ժառանգությունը մենք տեսնում ենք ինչպես Խորհրդային Հայաստանի, այնպես էլ՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ»:
Գիտաժողովի երկրորդ մասում մասնակիցները քննարկումները շարունակցեին տարբեր սրահներում՝ «Կրթություն և գիտություն» և «Հասարակության տնտեսական և սոցիալական կառուցվածքը» թեմաներով: