- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ. ԱՅՑ ՎԱՆԱՁՈՐԻ «ԷՎՐԻԿԱ» ՎԱՐԺԱՐԱՆ
Ապրիլ 18, 2019 | 17:38
Քաղաքականություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ. ԱՅՑ ՎԱՆԱՁՈՐԻ «ԷՎՐԻԿԱ» ՎԱՐԺԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվեցին Վանաձորի «Էվրիկա» վարժարան՝ փոխանցելու աշակերտներին իրենց մասնագիտական գիտելիքները:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից անընդմեջ իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Աշակերտների բնագիտական գիտելիքները խորացնելու նպատակով «Էվրիկա» վարժարան էին հյուրընկալվել Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի դասախոս Տիգրան Հարությունյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, Քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտությունների բազային լաբորատորիայի գիտաշխատող Աշխեն Զատիկյանն ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դոցենտ Հակոբ Օհնիկյանը:
Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի համոզմամբ, նմանաբնույթ այցերը հետաքրքրություն են առաջացնում՝ միաժամանակ օգնելով աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության հարցում:
Ա. Սահարյանը բնագիտական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին ներկայացրեց Հարաբերականության տեսության մեջ գոյություն ունեցող պարադոքսները, պատասխանեց աշակերտների հնչեցրած տարաբնույթ հարցերին:
Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի դասախոս Տիգրան Հարությունյանն ապագա դիմորդներին պատմեց ինչպես Կենսաբանության ֆակուլտետի կառուցվածքի, այնպես էլ լաբորատորիաների աշխատանքի մասին:
Բանախոսը հանդես եկավ «Արական անպտղության գենետիկական պատճառները» դասախոսությամբ, պատասխանեց թեմային վերաբերող և առընթեր հարցերին:
Իսկ աշակերտներն իրենց մաթեմատիկական գիտելիքներն ամրապնդեցին Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դոցենտ Հակոբ Օհնիկյանի դասախոսությամբ:
«Քիմիա» առարկայով հետաքրքրված ապագա դիմորդները ծանոթացան վալենտային կապերի տեսությանը, քվանտաքիմիական մոդելավորմանը:
Հավելենք, որ ՀՀ դպրոցներ այցելությունները և ԵՊՀ դասախոսների հյուրընկալությունները Երևանի և մարզային դպրոցներ շարունակական են լինելու: