- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԹՐԹԻՌՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիս 09, 2018 | 15:48
Ուսանողական
«ԻՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԹՐԹԻՌՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը ծնվել է այժմ ադրբեջանական օկուպացիայում գտնվող Գետաշեն գյուղում:
Նախնական կրթությունը ստացել է Կիրովաբադում: «Այնտեղ երկու հայկական դպրոց կար, որտեղ ուսուցումը ցածր մակարդակի էր: Բարեբախտաբար, ես, ռուսական դպրոցում սովորելով, լավ կրթություն ստացա: Միայն բավարար չէր հայերենի իմացությունը, որն էլ սովորեցի Հայաստան գալուն պես»,- պատմում է դեկանը:
Ավագյանը նշում է, որ դպրոցական տարիներին աշակերտները սովորում էին նաև արհեստներ. «Աղջիկները կարի գործարան էին գնում, տղաները՝ մեխանիկական գործարան: Դրա շնորհիվ մինչև հիմա կենցաղային անսարքությունները վերանորոգում եմ ինքս՝ չդիմելով վարպետների օգնությանը»:
Դեկանի հայրը՝ Մամիկոն Ավագյանը, եղել է հաշվապահ, մայրը՝ Հայկանուշ Ավագյանը՝ տնային տնտեսուհի: «Հայրս ու մայրս անընդհատ աշխատում էին:
Աշխատասիրությունը շնչառության նման բան էր իրենց համար, և պատահական չէ, որ դա փոխանցվեց յոթ երեխաներին: Ծնողներս սերմանում էին հարգանք մեծերի ու սեր՝ փոքրերի նկատմամբ: Իզուր չէ, որ ուսանողներին ընդունում եմ հարազատ զավակներիս նման»,- հավելում է նա:
Խոսելով իր անվան մասին՝ Ռոլանդ Ավագյանը փաստում է, որ անվանակոչության հիմքում «Երգ Ռոլանդի մասին» ֆրանսիական միջնադարյան դյուցազներգությունն է եղել: «Ավագ եղբայրս երկար ժամանակ աշխատել է Փարիզում: Նա սիրահարված էր ֆրանսիական գրականությանը, մասնավորապես «Երգ Ռոլանդի մասին» դյուցազներգությանը: Նա էլ կնքել է անունս՝ ի պատիվ գլխավոր հերոսի,- պատմում է Ավագյանը և ժպիտով հավելում,- ասում են՝ կրած անունն ազդեցություն է ունենում, բայց իմ դեպքում որևէ կապ ու ընդհանրություն չկա ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ հերոսի հետ»:
Ավագյանը անթաքույց ժպիտով պատմում է մանկության առաջին սիրո՝ Ինգայի մասին: «Չորրորդ դասարանում սիրահարվել էի համադասարանցուս: Չափազանց ամաչկոտ լինելուս պատճառով թաքցնում էի և՛ հերոսուհուց , և՛ մնացածից: Երբ լսում էի Ինգա անունը, այտերս կարմրում էին, կարծում եմ՝ հենց դա էլ ինձ մատնեց»,- ծիծաղով հիշում է Ավագյանը և ասում, որ միայն դպրոցն ավարտելուց հետո է խոստովանել զգացմունքների մասին: «Հիշում եմ՝ նա զարմացած ասաց, թե ինչու շուտ չեմ խոստովանել: Այնուամենայնիվ, իմ մանկական սիրո առաջին թրթիռն անպատասխան մնաց», - անկեղծանում է նա:
Պրոֆեսորը նշում է, որ վերջերս հաճախ է հիշում տատին և պապին: «Տատս անընդհատ կրկնում էր, որ մեր տեղը Հայաստանում է, և աշխատում էր այնպես անել, որ մենք հողին չընտելանայինք. իր ցանկությունը կատարվեց. քույրերով ու եղբայրներով բնակություն հաստատեցինք Երևանում», - ասում է նա:
Ավագյանը երախտագիտությամբ և խորին ակնածանքով է խոսում մորական տատի մասին. «Պատմում էին, որ մորական տատս ձմռան ցրտին ոտաբոբիկ գնում էր եկեղեցի աղոթելու: Սուրբ կին էր, մինչև վերջ հավատում էր, որ իր աղոթքներն են փրկել պատերազմում ողջ մնացած որդիներին»:
Դեկանը խոստովանում է, որ մինչև այժմ խոսում է Գետաշենի բարբառով. «Խոսում եմ, եթե ինձ հասկանում են: Շատ հաճախ զրուցակցիս հետաքրքրում է Գետաշենի բարբառը, այդ դեպքում ևս չեմ զլանում խոսել իմ քաղցր բարբառով»:
Ամփոփելով իր պատմությունը՝ Ավագյանը հավելում է, որ շատ կուզենար գնալ Գետաշեն, տեսնել հայրական տունը. «Պատմում են, որ Գետաշենում ավերել են տապանաքարերն ու գերեզմանաքարերը, բայց մի քանի լուսանկարներում, որոնք ինձ տվել են օտարերկրացի ծանոթներս, ակնհայտ երևում է, որ հայրական տունս որոշ չափով պահպանվել է»:
Անգին Խաչատրյան