- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵԾ ՊԱՏԻՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՄՇԵՑԻ ԼԻՆԵԼԸ …». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սեպտեմբեր 17, 2018 | 17:44
Հասարակություն
«ՄԵԾ ՊԱՏԻՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՄՇԵՑԻ ԼԻՆԵԼԸ …». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ոգևորությամբ ու հպարտությամբ է պատմում իր արմատների մասին՝ միաժամանակ կարևորելով արմատներից կառչած լինելը. «Նախնիներս գաղթել են Մշո Ցրոնք գյուղից ու հաստատվել Արթիկի շրջանի գյուղերում, այնուհետև ընտանիքս ու բարեկամներիս մի մասը տեղափոխվել է Գյումրի»:
Ցրոնք անվան ծագումը կապված է մի ավանդազրույցի հետ, ըստ որի՝ Նոյն իր թոռների հետ ջրհեղեղից հետո նստել է այդ քարին ու բաժանել, «ցրել» մարդկանց. «Մինչև այժմ կան այդ քարերը: Իսկ ես այնտեղից հող եմ բերել՝ իբրև մասունք, ու լցրել այն մարդկանց շիրիմներին, որոնք ամբողջ կյանքում կարոտով են խոսել ու պատմել Մուշի մասին»:
Իսկ Մելքոնյան ազգանունը սերում է դեկանի մեծ պապից՝ Մելքոնից, իսկ մինչև այդ նրանք կոչվել են Մշեցյան: Դեկանն ասում է, որ իր ազգը, բազմամարդ լինելու պատճառով, կոչել են «Շատվորանց». «Տարօրինակ է, երբ այցելում եմ պապենական գյուղ, որտեղ ոչ մեկին չեմ ճանաչում, բայց իրենք, որպես իրենց ազգակցի,
ճանաչում ու ողջունում են քեզ»:
Դեկանը հիշատակում է հորական պապին՝ Ռուբենին, որի անուն էլ կրում է. «Ռուբեն պապս լեգենդար կերպար էր, ով պատերազմից չէր վերադարձել: Մեր ազգի նպատակը պապիս շիրիմը գտնելն էր», - պատմում է դեկանը:
Այդ կարևոր առաքելությունն իրագործում է դեկանը: «2011 թ.-ին գնացի Հոլանդիա ու այնտեղ գտա պապիս գերեզմանը, իսկ Մուշից բերված հողը լցրի շիրմաքարին»,- հպարտությամբ ու հուզմունքով պատմում է դեկանն ու հավելում. «Եթե ինձ հարցնեն՝ իմ կատարած կարևոր քայլերի մասին, ես առանց վարանելու կպատասխանեմ՝ պապիս գերեզմանը գտնելը, նրա շիրմին կորուսյալ հայրենիքի հողից լցնելը»:
«Մշեցիներին բնորոշ է հաստատակամությունը…»
«Մշեցիները պահպանում են արժեքներն ու երբևէ չեն հրաժարվում դրանցից: Այդ արժեքներին համահայկական ու երբեմն նաև համամարդկային են»:
«Անչափելի կարոտում եմ իմ «հայրով» օրերը…»
Դեկանի հայրը՝ գրող և դրամատուրգ Հովհաննես Մելքոնյանը, ծնվել է թամանյանական նախագծով կառուցված Անիպեմզա գյուղում, իսկ մայրական արմատները Կիլիկիայից են: Մելքոնյանն անհուն սիրով ու կարոտով է պատմում ծնողների մասին. «Անչափելի կարոտում եմ հորս հետ անցկացրած ամեն պահը: Ես գնում եմ այն վայրերը, որտեղ ես ու հայրս քայլել ենք, որտեղ անցել են իմ երջանիկ մանկությունն ու պատանեկությունը»:
Շատ հաճախ այդ հիշողությունները դառնում են մելանխոլիկ տրամադրության պատճառ. «Մելանխոլիան կենցաղիս մի մասն է: Ես անընդհատ փորձում եմ վերարժևորել այն, ինչը չկա, քայլում եմ, մտածում, վերհիշում: Այդ տրամադրություններն ինձ այցելում են և՛ Երևանում, և՛ Գյումրիում: Եվ վերջապես, ինչպես կարելի է անտարբեր քայլել այն փողոցներով, որով անցել են Շիրազն ու Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Մինաս Ավետիսյանը»:
«Մանկությունիցս տպավորված տրագիկոմիկ կերպարը Ֆրունզիկ Մկրտչյանն է…»
Դեկանը պատմում է հիշարժան մի դեպք, որտեղ «գլխավոր հերոսները» ինքը, ընկերներն ու նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանն էին. «Բակում երեխաներով խաղում էինք, հայրս ու Ֆրունզիկ Մկրտչյանը եկան: Երեխաները վազեցին Ֆրունզիկի մոտ, իսկ ես զարմացած նայում էի նրան ու մտածում, որ վերջերս տեսած «Ալի բաբան և 40 ավազակները» ֆիլմում մահացած հերոսը կենդանացել է: Ես մանկական միամտությամբ հարցրի՝ Ֆրունզիկ ձյաձյա բա Ձեզ չէին սպանել, իսկ նա պատասխանեց՝ սպանել էին, բայց մի ջուր կա, որի օգնությամբ մահացածները վերակենդանանում են: Պատասխանն առաջին հերթին ուրախալի էր թվում, բայց իր մեջ խորը տխրություն ուներ»,- ասում է դեկանը:
Դեկանը նշում է, որ Գյումրի այցելելիս վայելում է խոհանոցի բարիքներն ու հյուրասիրողի առատաձեռնությունը. «Գյումրվա խոսքը, հումորը, համն ու հոտը մի ֆոլկլորային համակարգ է, որից դժվարությամբ եմ հեռանում»:
«Կան ուտեստների բույրեր, որոնք ինձ տանում են մանկություն…»
«Մայրական տատս՝ Էլիզը, ում անունը կրում է աղջիկս, հմուտ խոհարար էր և պատրաստում էր ճաշատեսակներ, որոնք անկրկնելի էին: Այդ ճաշատեսակներից՝ Մանթիի բույրը տանում է ինձ մանկություն»:
Դեկանը հիշում է, որ այդ բույրը տարածվում էր ամբողջ թաղում. «Ամբողջ թաղով արևելքն էր բուրում: Թաղի բնակիչները պատրաստում էին ուտեստները, և որպես մասունք՝ փոխանցում մեկը մյուսին. չէ՞ որ դա կորուսյալ հայրենիքից էր բերված»:
«Արևելագետ լինելու պատճառով՝ արևելյան խոհանոցին մոտենում եմ մասնագիտորեն…»
Մելքոնյանը պնդում է, որ արևելյան խոհանոցի լավագույն գիտակներից է. «Ուսանողական տարիներին ուսումնասիրում էի արևելյան խոհանոցը: Ուսանողական թոշակս էլ օգնում էր, որ բացահայտեմ այն»,- ասում է դեկանը:
«Իմ մասնագիտության ընտրությունը պատահականության արդյունք չէր …»
«Ես 7 տարեկան էի, երբ հայրս ինձ տարավ Հայկաձոր գյուղի սահմանային գոտի, որտեղից ես հեռադիտակով տեսա Անին: Ես թուրքագետին հատուկ, սակայն չգիտակցված հարցեր էի տալիս, որոնք այդպես էլ մնացին անպատասխան»,- պարզաբանում է Մելքոնյանը:
«Իմ առաջին սերն իմ կինն է …»
«Ես գեղեցիկի հանդեպ անտարբեր չեմ, բայց ինձ համար կան գեղեցիկի ներքին բաժանումներ: Կնոջս՝ Արմինեին, ես հանդիպել եմ, երբ երրորդ կուրսում էի: Կարճ ժամանակ անց հասկացա, որ նա է այն միակը, ում հետ ցանկանում եմ ապրել իմ ամբողջ կյանքը»:
«Արևելագիտությունն իմ տունն է …»
«Արևելագետ լինելը դա կենսաձև է, դա արևելքի իմաստության կենտրոնատեղին է»,- եզրափակում է Ռուբեն Մելքոնյանը:
Անգին Խաչատրյան