- Գլխավոր
- Նորություններ
- ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ ԿՐՈՆ ԵՎ ՊԱՀԼԱՎԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՌՈՒԲԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ
Փետրվար 04, 2019 | 12:45
Գիտություն
ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ ԿՐՈՆ ԵՎ ՊԱՀԼԱՎԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՌՈՒԲԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ
«Պահլավական ուսումնասիրություններ» մենագրության հեղինակն Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոս Ռուբեն Նիկողոսյանն է։ Գրքի առանցքային թեմաներն են Զրադաշտի կրոնը և այդ կրոնի հետևորդների կողմից ստեղծված միջնադարյան գրականությունը, որի անվամբ էլ աշխատությունը կոչվել է «պահլավական»:
Ըստ Ռուբեն Նիկողոսյանի՝ թեման սկսել է ուսումնասիրել 5 տարի առաջ, երբ դեռ բակալավրիատի ուսանող էր։ «Իրանագիտության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է պարսկերենի միջոցով, որը սկսել եմ ուսումնասիրել մինչև համալսարան ընդունվելը՝ 14 տարեկանից, իսկ «Իրանագիտություն» մասնագիտությամբ կրթությունս շարունակելն արդեն ստացվել է ինքնաբերաբար»,- ասաց Ռուբենը։
Իրանագիտական ուսումնասիրությունների համար, մագիստրոսի պնդմամբ, անհրաժեշտ է մի քանի լեզուներ իմանալ, որոնցից մեկն էլ միջին պարսկերենն է: Հենց միջին պարսկերենով է գրված զրադաշտական կրոնի մատյանների մեծ մասը:
Զրադաշտականությունը եղել է Սասանյան կայսրության, ամենայն հավանականությամբ՝ նաև Աքեմենյանների ու պարթև Արշակունիների կրոնը: Արևմտյան իրանագետների կողմից այն շատ է ուսումնասիրվել, սակայն հայկական գիտական շրջանակներում շատ քիչ են անդրադարձել այս կրոնին, և չկա այլ աշխատություն, որը կներկայացնի զրադաշտականության քիչ թե շատ ամփոփ բնութագիրը:
«Այժմ զրադաշտականությունը փոքր կրոն է, ունի մոտ 100-120 հազար հետևորդ, բայց պատմական մեծ ազդեցություն է ունեցել: Շատ են առնչությունները նաև հայերի հետ, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտը տեղի ունեցավ, քանի որ Սասանյան կայսրությունը տարածում էր զրադաշտական կրոնը»,- նշեց նա։
Ընդգծելով ուսումնասիրության կարևորությունը հայագիտության համար՝ Ռուբենն ասաց, որ անգամ կան կարծիքներ, որ մինչև քրիստոնեական կրոնը հայերի մոտ ևս տարածված է եղել զրադաշտականությունը: Որոշ վերապահումներ ունենալով այս վարկածի վերաբերյալ՝ Ռուբենը, այնուամենայնիվ, նշեց, որ հայկական մինչքրիստոնեական աստվածների անունները մեզ հայտնի են իրանական ձևերով։
Ըստ ԵՊՀ մագիստրոսի՝ այս ուսումնասիրությունը հետաքրքիր կլինի թե՛ առասպելաբանությամբ ու կրոնագիտությամբ, թե՛պատմագիտությամբ հետաքրքրվողների, ինչպես նաև մտավոր ընդհանուր զարգացվածության և տեղեկացվածության համար: «Որպես ուսանող՝ հաճախ եմ բախվել այս թեմայով գրականության պակասի խնդրին, ինչպես նաև մշտապես զգացել եմ այնպիսի գրքի կարիք, որ հասկանալի լեզվով կբացատրեր այս կրոնի բնույթը»,- հավելեց նա:
Խոսելով զրադաշտականության մասին՝ Ռուբենն անդրադարձավ շատ հետաքրքիր հարցերի. «Զրադաշտականության հետ առնչվում ենք ուսանող լինելու առաջին իսկ օրերից, և առաջանում են մի շարք հարցեր՝ ո՞վ էր Զրադաշտը, ե՞րբ է ապրել, Աքեմենյանները եղե՞լ են զրադաշտական, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները գտնելու ցանկությունը դառնում է շարժառիթ տարբեր ուսումնասիրությունների համար»։
Ռուբենը ներկայացրեց նաև զրադաշտականության հետաքրքիր կողմերը. «Մեր իմացած կրոնները՝ քրիստոնեությունը, իսլամը, բուդդայականությունը, նման չեն զրադաշտականությանը: Վերջինիս հիմնական գաղափարախոսությունը կապված է երկվության՝ չարի և բարու հետ, այսինքն՝ կան երկու ոգիներ, որ այս աշխարհում պատերազմի մեջ են միմյանց հետ։ Շատ հետաքրքիր են նաև զրադաշտական կրոնի սովորույթները, որոնցից շատերը յուրօրինակ են, իսկ մի քանիսն անգամ նման են որոշ հայկական սովորույթներին, որոնք, ըստ ամենայնի, ծագել են մինչքրիստոնեական շրջանից»:
Ռուբենը պատմեց նաև հումանիտար գիտությունների հետ կապված իր դիրքորոշման մասին:
«Հումանիտար գիտությունները հաճախ դուրս են մնում ուշադրությունից, շատերը չեն հասկանում դրանց կարևորությունը, և դա բնական է: Սակայն կարևոր է գիտակցել թեկուզ միայն այն, որ մերօրյա զարգացած երկրների առաջընթացի հիմքում եղել է հումանիտար գիտությունների զարգացվածությունը: Օրինակ՝ եթե 18-րդ դարի եվրոպական լուսավորիչները Հերոդոտոսի և այլ պատմիչների գրքերից չիմանային հունական ժողովրդավարության մասին, նման գաղափար գուցե չծնվեր: Ամենայն հավանականությամբ, դժվար թե այդ լուսավորիչներն իրենք գոյություն ունենային: Կարող է տարօրինակ հնչել, բայց չէին լինի նմանապես բնագիտության ոլորտում կատարված տարբեր հայտնագործություններ և շատ այլ ձեռքբերումներ»,- ասաց նա։
Հումանիտար գիտությունների մերօրյա ճգնաժամը կապելով անմիջական ու արագ օգուտ ստանալու ձգտման հետ՝ Ռուբենը նշեց, որ հումանիտար գիտությունների դեպքում արդյունքը երևում է ժամանակի ընթացքում, ինչը նշանակում է, որ այս ոլորտը, առավել քան այլ ոլորտ, խոցելի է և կարիք ունի պետական աջակցության: «Եթե բնական գիտությունները կենտրոնանում են մարդուն շրջապատող միջավայրի վրա, ապա հումանիտար գիտություններն ուսումնասիրում են հենց մարդուն՝ իր թողած հետքերի հիման վրա: Իսկ ինչպես ասել են հին իմաստունները՝ «Ծանի՛ր զքեզ», այսինքն՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»»:
Իսկ հայկական իրականության մասին խոսելիս Ռուբենը նշեց. «Ցավոք, հանդիպում ենք մարդկանց, որոնք առաջնորդվում են ոչ թե գիտական, այլ կեղծ հայրենասիրական սկզբունքներով, օրինակ՝ ապացուցում են, որ բավարացիները ծագում են հայերից, բասկերը կապ ունեն հայերի հետ, բոլոր լեզուները ծագել են հայերենից և այլն: Այս ոչ գիտական հակումները հասարակության մեջ կեղծ տեղեկացվածության պատճառ են դառնում (ասենք, օրինակ, «շիկահեր և կապուտաչյա արիացիներից ծագելու» գաղափարը), իսկ սա էլ առաջ է բերում ոչ առողջ մտածելակերպ և վնասում հենց հասարակությանը»։
«Հաճախ իրանական ազդեցությունը կամ գերագնահատվում է, կամ թերագնահատվում: Պետք է հստակ ուսումնասիրել ոլորտը, հասկանալ ազդեցության շրջանակը և բացատրել դրա պատճառները՝ զերծ մնալով ծայրահեղություններից: Այս առիթով կուզեմ ընդգծել նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դերը»,- դիտարկեց Ռուբենը։
«Իրանական քաղաքակրթությունը զգալի նշանակություն է ունեցել մարդկության պատմության համար, նրա ազդեցությունը զգացվում է աշխարհագրական լայն տարածության վրա։ Չինական և հռոմեական, հնդկական և հունական քաղաքակրթական բևեռների ազդեցությունների մեջտեղում եղել է Իրանը՝ դառնալով, այսպես ասած, մշակութային փոխարկիչ։ Սա է, որ իրանագիտական ուսումնասիրությունները կարևոր է դարձնում համաշխարհային պատմության համար»,- ամփոփեց ԵՊՀ մագիստրոսը։
Հավելենք, որ մենագրության մեջ շեշտ է դրված դասական զրադաշտականության և դրա գրականության վրա։ Մենագրությունը բաղկացած է երեք մասից։
Առաջին մասում խոսվում է զրադաշտական կրոնի և պահլավական գրականության մասին, երկրորդում ներկայացված են հատվածներ դասական զրադաշտական կրոնական գրականությունից, իսկ երրորդ մասում տեղ են գտել պահլավական գրականության երեք հայտնի նմուշներ՝ բնագրից ամբողջական թարգմանությամբ և ծանոթագրություններով հանդերձ։
Մարի Ռաֆյան