- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԲՈԼՈՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՅԵՐ ԵՆ». ԻԳՈՐ ՇԻՐՄԱՆՈՎ
Սեպտեմբեր 14, 2018 | 17:41
«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԲՈԼՈՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՅԵՐ ԵՆ». ԻԳՈՐ ՇԻՐՄԱՆՈՎ
Այսօր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել էր գրողների՝ Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից:
Հանդիպմանը ներկա էին ռուս ժամանակակից գրող, արձակագիր Իգոր Շիրմանովը, Օլգա Միլավանովան, թարգմանիչ և գրող Տատյանա Յուրգենսոն, գրողներ Նաիրա Սիմոնյանը, Էլիզա Մխիթարյանը և Վլադիմիր Սիմոնյանը:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը ելույթի իր խոսքում ջերմորեն ողջունեց հանդիպմանը ներկա ուսանողներին, դասախոսներին և հյուրերին:
Պավել Բալայանը շնորհակալություն հայտնեց գրականագետ Աբգար Ափինյանին՝ հանդիպման կազմակերպման գործում մեծ ներդրում ունենալու համար, այնուհետև շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ թե՛ իրենց տրամադրած ժամանակի և թե՛ ֆակուլտետ կատարած այցի համար:
«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր պատիվ ունենք կազմակերպել այսպիսի հանդիպում մեր ֆակուլտետում,- նշեց Պավել Բալայանը,- կարծում եմ, որ նմանատիպ հանդիպումները ավանդական բնույթ կկրեն և կշարունակվեն թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում»:
Պավել Բալայանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, որը վերջիններս չեն ներկայացնում «գովազդային» գրականություն, այլ իրենց հետ Սիբիրից բերել են հարուստ բովանդակություն ունեցող արժեքավոր գրականություն, որից, ի դեպ, ուսանողները հետագայում կարող են օգտվել՝ իրենց գիտական աշխատանքները գրելու համար:
Այնուհետև ելույթ ունեցավ Ռուսաստանի գրողների միության անդամ Իգոր Շիրմանովը, ով առաջին հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, այնուհետև խոսեց, թե ինչքան կարևոր է երկու երկրների համար համագործակցել նաև գրականության դաշտում:
« Պետք է նշեմ, որ ես միշտ մեծագույն հարգանքով եմ վերաբերվել այն մարդկանց, ովքեր իրենց գործի նվիրյալներն են: Այդպիսի մարդկանցից մեկը Սերաֆիմ Պատկանյանն է: Հայ, ով Սիբիրն ուսումնասիրելու համար, կարելի է ասել, մի ամբողջ կյանք է նվիրաբերել: Հենց այսպիսի մարդիկ են, որ երկու երկրների հարաբերություները դարձնում են ջերմ ու արժեքավոր, իսկ այսպիսի հայերը շատ են,- պատմում է բանախոսը և ժպիտով ավելացնում,- ինձ թվում է՝ բոլոր նշանավոր մարդիկ հայեր են»:
Իգոր Շիրմանովը նաև առանձնահատուկ շեշտեց, որ փորձի փոխանակման նմանատիպ հնարավորությունների միջոցով տեղի է ունենում մի շատ կարևոր երևույթ, գրականությունը փոխանցվում է սերունդներին՝ պահելով իր արժեքավոր բովանդակությունը:
Վերջում հյուրերը պատրաստակամություն հայտնեցին նմանատիպ հանդիպումները պարբերաբար դարձնելու համար:
Անի Պողոսյան