- Գլխավոր
- Նորություններ
- ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Փետրվար 27, 2020 | 16:45
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի 2019 թվականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.3 (29), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.4 (30) հատորների շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանը, ՈՒԳԸ ներկա և նախկին անդամներ, ուսանողներ:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց միջոցառման անցկացման ընթացակարգը:
Միջոցառումն սկսվեց 1974-1976 թվականներին ՈՒԳԸ նախագահ Կիմ Ավագյանի՝ «Գիտություն էկրանի՞ց, թե՞ գիտություն գրքից» թեմայով դասախոսությամբ:
Նա նախ ներկայացրեց իր անցած ուսանողական ուղին, այնուհետև հետաքրքրվեց, թե ուսանողներն ավելի շատ գրքից են սովորում, թե էկրանից, և որ մեկն է ավելի մնայուն:
«Գրքից սովորելը մնայուն է, էկրանից սովորելը՝ ժամանակավոր, այնպես որ ձեր ընտրությունը կատարեք հօգուտ գրքի,- ասաց Կիմ Ավագյանը,- սա փաստ է, որը մենակ ես չէ, որ արձանագրում եմ»:
Հիշեցնենք, որ Կիմ Ավագյանը հեղինակել է նաև «ՈՒԳԸ-ն 1922-1972 թթ.» գիրքը:
Այնուհետև Մերի Փանոսյանը փաստեց, որ ժողովածուում տեղ գտած հոդվածների հեղինակների 72%-ն իգական սեռի ներկայացուցիչ է, 28%-ը՝ արական, 75% տոկոսը ԵՊՀ-ից է, 12%-ը՝ արտասահմանյան բուհերից, իսկ 13%-ը՝ Հայաստանում գործող այլ բուհերից:
Վերջինս հավելեց, որ հոդվածների 78%-ը հայերեն է, 13%-ը՝ ռուսերեն, իսկ 9%-ը՝ անգլերեն:
Շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն, և ՈՒԳԸ նախագահն ընթերցեց որոշում, համաձայն որի՝ ՈՒԳԸ նախկին նախագահ Վանատուր Շերենցը, ՈՒԳԸ նախկին փոխնախագահ Անի Հակոբյանը և ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Քրիստինե Օհանյանը ճանաչվեցին ՈՒԳԸ պատվավոր անդամներ:
Մերի Փանոսյանը շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ պատվավոր անդամներին իրենց կատարած աշխատանքի և շնորհանդեսի անցկացման մեջ ունեցած բացառիկ ներդրման համար:
Շնորհանդեսի վերջում տեղի ունեցավ ՈՒԳԸ ժողովածուների հանձման արարողություն: