ՍԱՄՎԵԼ ԴԻԼԲԱՆԴՅԱՆԸ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում հոկտեմբերի 25-26-ն անցկացվել է «Ռուսական քրեական դատավարության բնույթը և մրցակցության սկզբունքը» խորագրով գիտաժողով, որին զեկուցմամբ հանդես է եկել ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը:
![Samvel-Dilbandyan-participated-in-conference-at-MSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/4WfS6K2xdaNDkrtMdyWwjdjhvE.jpg?h=bccd1fa5&itok=fduz-ktr)
Հանրաճանաչ դատավարագետ, պրոֆեսոր Մ. Ստրոգովիչի 125-ամյակին նվիրված գիտաժողովին Սամվել Դիլբանդյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մինչդատական վարույթի բարեփոխումները» խորագրով զեկուցում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչն ասաց, որ գիտաժողովին մասնակցել են ՌԴ քրեական դատավարության իրավունքի հայտնի տեսաբաններ, ինչպես նաև մեծաթիվ օտարերկրյա գիտնականներ:
«Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից քրեական դատավարության իրավունքի առավել արդիական հարցերը, որոնք կարևոր են նաև մեր հայրենական քրեական դատավարության իրավունքի զարգացման համար»,- ասաց Սամվել Դիլբանդյանը:
Նրա փոխանցմամբ, իր ներկայացրած զեկուցումն առանձնակի ուշադրության է արժանացել գիտաժողովին, քանի որ մասնակիցները մեծապես հետաքրքրված են եղել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի իրավական կարգավորման առանձնահատկություններով:
Պատրաստեց Քնար Միսակյանը