- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. «ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼ‐ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ‐ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»
Նոյեմբեր 14, 2018 | 17:49
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. «ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼ‐ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ‐ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի ներկայացրած «Կրոնական իրավիճակը Հայաստանում սոցիալ‐մշակութային և պետական‐քաղաքական արդի գործընթացների համատեքստում» թեման:
Թեմայի մասին զրուցեցինք ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Սամվել Մկրտչյանի և նույն ամբիոնի դասախոս, աշխատանքային թիմի անդամ Պարգև Բարսեղյանի հետ:
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Միության փլուզման և Հայաստանի անկախացման գործընթացում փոփոխություններ տեղի ունեցան նաև Հայաստանի կրոնական կյանքում:
Ավանդական եկեղեցու աշխուժացմանը զուգահեռ նոր թափ հավաքեցին կամ նոր գործունեություն ծավալեցին մի շարք նոր կրոնական կազմակերպություններ, որոնց քանակի և հետևորդների թվի վերաբերյալ մինչ այժմ էլ հստակ տեղեկություն չկա:
Եվ սա Հայաստանում տիրող կրոնական իրավիճակի միակ լավ չուսումնասիրված կողմը չէ:
«Մեր առաջարկած թեմայի շրջանակում երկու տարվա ընթացքում նախատեսում ենք ուսումնասիրություններ կատարել Հայաստանում սոցիալ‐մշակութային և պետական‐ քաղաքական ոլորտներում կրոնական իրավիճակի մասին՝ ներառելով նաև դիակիզման և հասարակության իրազեկման խնդիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մկրտչյանը:
Խոսելով իրենց առջև դրված խնդիրների մասին՝ ամբիոնի վարիչը նշեց, որ ամենակարևոր խնդիրներից մեկը Հայաստանի բնակչության կրոնական վարքագծի ուսումնասիրումն է պատմական զարգացման համատեքստում:
«Հայաստանն ունեցել է խորհրդային, հետխորհրդային պատմական անցյալ, որի ընթացքում բնականաբար փոփոխությունների են ենթարկվել նաև կրոնական ընկալումները,- նշում է Սամվել Մկրտչյանը,- մեր խնդիրն է որքան հնարավոր է մանրամասն ուսումնասիրել այդ փոփոխությունները և հասկանալ վերջիններիս տրամաբանությունն ու ապագայի միտումները»:
Թեմայի հետազոտության շրջանակը լայն է. այն ընդգրկում է ոչ միայն եկեղեցի-հասարակություն, այլև եկեղեցի-պետություն հարաբերությունների ուսումնասիրությունը, և որպեսզի ընտրույթն արտացոլի օբյեկտիվ իրականության պատկերը, հարցումներ են անցկացվելու նաև Հայաստանի մարզերում:
«Մենք մեր առջև խնդիր ենք դրել ուսումնասիրությունները կատարել ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև կրոնական բոլոր համայնքների և կազմակերպությունների համատեքստում: Բացի դրանից՝ ցանկանում ենք առավել խորությամբ ուսումնասիրել կրթական հարցերի էությունը եկեղեցի-պետություն հարաբերություններում: Դա կունենա ոչ միայն տեսական, այլև կիրառական նշանակություն, քանի որ թերություններն ու անճշտություններն այստեղ շատ են»,-ասաց Սամվել Մկրտչյանը:
Հետազոտությունն իրականացնող խումբը նախատեսում է նաև ոլորտում առկա թերությունները, հատկապես եկեղեցի-պետություն հարաբերություններում եղած բացթողումները շտկելու համար մշակել օրենքի նախագիծ և առաջարկով հանդես գալ:
«Մեր խմբի բոլոր անդամները՝ Պարգև Բարսեղյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, կրոնի, հոգեբանության, էթնոսոցիոլոգիայի, կրոնի փիլիսոփայության, ազգագրության մասնագետներ են: Մենք օգտագործելու ենք հենց այս տարաբնույթ գիտաճյուղերը՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու համար: Դա մեզ օգնելու է ոչ միայն պարզել այն, ինչ ունենք,այլև մոտավոր պատկերացում կազմելու միտումների մասին»,- հավելեց Սամվել Մկրտչյանը:
Ըստ գիտական ուսումնասիրությունը կատարող աշխատանքային խմբի՝ զանգվածային լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը խիստ մակերեսային է, և չկան հիմնավորումներ ու փաստեր կրոնական շատ թեմաների և խնդիրների մասին, այդ պատճառով առաջիկա հետազոտությունները հենց այս թեմաներով են, ինչը հնարավորություն է տալու բարձրացնել հանրային իրազեկվածության աստիճանը:
Թեմայի ուսումնասիրության նախնական փուլում ի մի են բերվելու արխիվային հրապարակված ու չհրապարակված նյութերը:
Նախկինում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել տոների կենցաղավարման և մասնակիցների սեռատարիքային կապը:
Մինչև 20-րդ դարի սկիզբն ավանդական տոներն առավել տարածված են եղել կանանց շրջանում:
Այս երևույթը պայմանավորված է նրանով, որ կանայք առավել հուզական վերաբերմունք ունեն ընտանիքի բարեկեցության, մերձավորների և մասնավորապես երեխաների ճակատագրի հանդեպ, իսկ հուզականությունը, լինելով տոնի կամ ծեսի կարևորագույն հատկանիշը, մարդու ակտիվ մասնակցության անհրաժեշտ նախապայմաններից է: Բացի հուզականությունից՝ կանայք ավելի պահպանողական են, հետևաբար ավելի շատ են հակված կրոնասիրությանն ու ավանդապաշտությանը:
«Հետաքրքիրն այն է, որ նմանատիպ թեմայով Եվրոպական միությունում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այնտեղ նույնպես կրոնական ավանդույթների հիմնական կրողն ու փոխանցողը կինն է»,- ասում է ամբիոնի վարիչը:
Գաղտնիք չէ, որ այս ժամանակահատվածում հանրության շրջանում շատ ակտիվ քննարկվում է նաև կրոնական կազմակերպությունների այսպես կոչված «աղանդներ»-ի թեման: Այստեղ առանցքային խնդիրն այն է, որ թեմայի մասին շահարկումները շատ են, իսկ փաստարկված և հիմնավորված կարծիքները՝ քիչ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Պարգև Բարսեղյանը նշեց, որ կրոնական կառույցների այսօրվա բազմազանությունը խիստ արդիական և կարևոր է դարձնում կրոնագիտական ուսումնասիրություններ կատարելը:
«Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների դասակարգման խնդիրը թերևս ամենակնճռոտ հարցերից է: Կազմակերպություններն էլ են տարաբնույթ, դրանց թվին վերաբերող փաստերն էլ են տարբեր, օրինակ՝ հաճախ հայտարարվում է, որ Հայաստանում 300-350 հազար աղանդավոր կա: Այս քանակն ինքնին վերացական է, մանավանդ եթե հաշվի առնենք «ավելացող և պակասող» 50.000-ի առկայությունը: Բայց սա չի խանգարում մարդկանց թեմայի վերաբերյալ լուրջ քննարկումներ սկսելուն»,- շեշտեց Պարգև Բարսեղյանը:
Ըստ Պարգև Բարսեղյանի՝ կրոնական կազմակերպությունների թվի մասին ձեռքի տակ եղած նյութերը խիստ հակասական են: Ներկայացվում են 68 կրոնական կազմակերպություն:
«Կան կառույցներ և կրոնական կազմակերպություններ, որոնք տարբեր անուններով են գրանցված, մինչդեռ իրականում մեկ կազմակերպություն են, և եթե մենք խմբավորենք այդ 68 կրոնական կազմակերպությունը, ապա կունենանք ամենաշատը 11-12 կրոնական կազմակերպություն»,- նշեց Պարգև Բարսեղյանը:
Կրոնական այսպիսի բազմազանությունն առաջ է բերում վերջիններիս տիպաբանության և դասակարգման հիմնահարցը, որն ուսումնասիրվում է հիմնականում կրոնի սոցիոլոգիայի շրջանակում:
«Մարդիկ հաճախ օգտագործում են տերմիններ առանց վերջիններիս իմաստը հասկանալու, բնութագրին և տիպաբանությանը ծանոթ լինելու,- պարզաբանեց Պարգև Բարսեղյանը,- Կրոնագիտության մեջ գոյություն ունի «դենոմինացիա» (հարանվանություն) հասկացությունը՝ որպես աղանդից դեպի եկեղեցի կրոնական կազմակերպության զարգացման միջանկյալ ձև: Այս բառը, սակայն, հաճախ չենք կիրառում, փոխարենն օգտագործում ենք «աղանդ» բառը, որի բացասական երանգավորումն արդեն իսկ բնութագրում է տվյալ կրոնական կազմակերպությունը»:
20-րդ դարի կեսերին ամերիկացի բողոքական աստվածաբան Ռ. Նիբուրը կրոնական կազմակերպությունների շարքին առաջարկեց դասել «դենոմինացիա» (հարանվանություն) հասկացությունը, իսկ ամերիկացի սոցիոլոգ Հ. Բեքքերն առաջարկեց ժամանակակից նոր կրոնական միավորումների ձևերն անվանել պաշտամունք:
Ծրագրի իրականացման գործընթացին ներգրավվել են նաև ուսանողներ, որոնք ոչ միայն փորձ ձեռք բերելու, այլև իրենց համար ուսումնասիրության նոր թեմաներ զարգացնելու հնարավորություն են ունենալու:
Անի Պողոսյան