- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԱՇԽՎԱԾ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՃՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ». ՍԱՄՎԵԼ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ
Հոկտեմբեր 01, 2018 | 11:23
«ԲԱՇԽՎԱԾ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՃՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ». ՍԱՄՎԵԼ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի «Մշակման, ուսումնառության և կանխատեսման մեթոդներ գիտելիքների ձեռքբերման համար հաշվարկների բաշխված մոդելներում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային ֆինանսավորման:
Գիտական թեմայի ղեկավարը զրույցի սկզբում նշեց, որ բաշխված միջավայրերի շարունակաբար աճող բարդությունը նոր մարտահրավերներ է ստեղծում՝ կապված արհեստական բանականության մեթոդների կիրառման հետ: Արդի միջավայրերը պետք է ապահովեն տրամադրվող ծառայությունների ճկունություն, կայացնեն որոշումներ անորոշության պայմաններում, լինեն գիտելիքահեն և ինքնաուսուցվող:
Ս. Շուքուրյանը ներկայացրեց ենթադրվող հետազոտությունների շրջանակը և դրանց իրականացման եղանակները. «Հետազոտությունները կկատարվեն հետևյալ ուղղություններով․ ոչ հստակ տեղեկատվության մշակում, գիտելիքների ներկայացում և ղեկավարում, ներկառուցված թեստային լուծումների մշակում։
Դրանք, մասնավորապես, հենվելու են ավտոմատային և ոչ հստակ տրամաբանության մեթոդների, ինչպես նաև գիտելիքների ներկայացման մոդելների վրա։ Հետազոտություններում ենթադրվում է լայնորեն օգտագործել նանոչափական սարքերի և համակարգերի համար անհրաժեշտ էլեկտրոնային թեստավորման և վերանորոգման ամենաժամանակակից մոտեցումները, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի նոր և գոյություն ունեցող տեխնիկական ու ծրագրային միջոցները»:
«Մշակման, ուսումնառության և կանխատեսման մեթոդներ գիտելիքների ձեռքբերման համար հաշվարկների բաշխված մոդելներում» գիտական թեմայի հետազոտական խմբի անդամներն են` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ Արմեն Կոստանյանը և Մանուկ Մանուկյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր Գուրգեն Հարությունյանը և ՏՏ կենտրոնի տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասպիրանտ Գրիգոր Ճաղարյանը։
Անգին Խաչատրյան