- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Փետրվար 05, 2019 | 15:12
Քաղաքականություն
«ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:
Ապագա դիմորդներին սկզբում դիմավորեց ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը, որից հետո Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Մերի Արզումանյանն աշակերտներին ներկայացրեց Կենդանաբանության ամբիոնի պատմությունն ու գործունեությունը:
Հայաստանի կենդանաբանության բազմազանությամբ հետաքրքրված ավարտական դասարանի աշակերտները դիտեցին և ուսումնասիրեցին Կենդանաբանության ամբիոնում ցուցադրված կենդանիների կմախքները (մողեսներ, օձեր, կզաքիսներ, աքիսներ և այլն):
Մերի Արզումանյանը նշեց, որ Կենդանաբանության ամբիոնի ուսանողները ոչ միայն հնարավորություն ունեն լաբորատորիաներում կատարելու փորձեր, ուսումնասիրելու կենդանիներին և դրանց առանձնահատկությունները, այլև մասնակցելու դաշտային պրակտիկաների, որոնց շնորհիվ ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ամրապնդվում են գործնական փորձերով:
Ավագ լաբորանտն ապագա դիմորդներին զգոնության և ուշադրության կոչ արեց. « Անընդհատ որոնեք ու փնտրեք նորը, դեռևս չբացահայտվածը, մասնակցեք սեմինար-քննարկումների, գիտաժողովների, ճանապարհորդեք, ծանոթացեք ու շփվեք փորձով ու գիտելիքներով հարուստ մարդկանց հետ: Այս ամենի շնորհիվ հետաքրքիր և բազմաբղետ կանցնի ձեր ուսանողական կյանքը»:
Աշակերտներից Արարատ Գևորգյանին կենսաբանությունը հետաքրքրել է դեռ մանկուց. «Կենսաբանությունը մյուս առարկաներից էապես տարբերվում է, ինձ հետաքրքրում են կենդանիների վարքագիծը, առանձնահատկությունները,- ասաց Արարատը և հավելեց,- իսկ մասնագիտության ընտրության հարցում դեռևս չեմ կողմնորոշվել: Չգիտեմ՝ ընտրեմ Կենսաբանությունը՝ որպես գիտություն, թե բժշկությունը»:
Իսկ Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանն անդրադարձավ Հայկական լեռնաշխարհին բնորոշ կուսածին մողեսներին.
«Սրանք երկու երկսեռ տեսակների խաչասերման արդյունքում ստեղծված մողեսներն են: Կուսածին մողեսների գոյությունը պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով»:
Ընդ որում՝ բացահայտված է կուսածին մողեսների 4 տեսակ, որոնց թիվն ավելանում է:
Առաքելյանը խոսեց նաև վերոնշյալ մողեսների վարքագծի, բնավորության և այլ հատկությունների մասին: «Արու մողեսները չեն տարանջատում իրենց տարածքը, բայց եթե հայտնվում է ուրիշ մողես, սկսվում է պայքար»:
Ապագա դիմորդներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստացան հարցուպատասխանի միջոցով:
Հիշեցնենք, որ համալսարանականների՝ դպրոցներ այցելությունները, ինչպես նաև ԵՊՀ հյուրընկալությունները շարունակվում են:
Այս ամենի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Անգին Խաչատրյան