- Գլխավոր
- Նորություններ
- «ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԳԻՏԱԽԱՂՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մարտ 16, 2022 | 16:30
Ուսանողական
«ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԳԻՏԱԽԱՂՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 14-16-ը կազմակերպվել էր «Տնտեսագիտական հայ ասպետ» խորագրով գիտախաղ:
Ֆակուլտետի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների համար նախատեսված գիտախաղի նպատակը ոչ միայն մասնագիտական գիտելիքների ամրապնդումն էր, այլև պրոֆեսորադասախոսական կազմի հետ անմիջական շփումն ու միջանձնային կապի ստեղծումը:
Յուրաքանչյուր օր գիտախաղին մասնակցել են ֆակուլտետի հոսքերից (Տնտեսագիտություն, Կառավարում, Ֆինանսներ) ձևավորված 3-ական՝ 5 հոգանոց խմբեր: Իսկ ուսանողների պատասխանները գնահատել է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից կազմված ժյուրին:
«Գիտախաղն արդեն կուտակած գիտելիքներն ամրապնդելու, պրոֆեսորադասախոսական կազմի հետ անմիջական կապ ստեղծելու և ունեցած գիտելիքն ի ցույց դնելով՝ հաղթանակ տանելու լավագույն տարբերակն է: Ուսանողներին նախապես բաժանվել էր հարցաշարը, ինչը վերջիններիս հավելյալ ուսումնասիրություններ անելու հնարավորություն էր տվել »,- ասում է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատու Նաիրուհի Մխիթարյանը:
Մարտի 14-ին առավելագույն միավորներով հաղթել է «Ֆինանսներ» թիմը (1-ին կուրս), մարտի 15-ին 101 միավորով՝ տնտեսագիտության հոսքը ներկայացնող թիմը, իսկ մրցույթի վերջին փուլի լավագույնը կրկին «Ֆինանսներ» (3-րդ կուրս) թիմն էր:
Բոլոր հաղթողները, ինչպես նաև ժյուրիի ընտրած լավագույն խաղացողները պատվոգիր ստացան:
«Ուսանողական գիտական ընկերությունը կարևոր հարթակ է յուրաքանչյուր ուսանողի համար: Հենց այս կառույցում արված առաջին քայլերից է սկսվում ձեր աշխատանքային ու գիտական ուղին: Ուստի, սիրելի՛ ուսանողներ, եղեք ակտիվ և հնարավորին շատ մասնակցեք նմանաբնույթ միջոցառումներին»,- ասաց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:
Նաիրուհի Մխիթարյանը նշեց, որ և՛ ուսանողները, և՛ ժյուրիի անձնակազմը մեծ ոգևորությամբ են մասնակցել խաղերին. «Շնորհակալ ենք մեր ֆակուլտետի ղեկավարությանը, որ աջակցել և ակտիվորեն մասնակցել են գիտախաղի կազմակերպման աշխատանքին»:
Վարդուհի Զաքարյան