- Գլխավոր
- Նորություններ
- ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
Դեկտեմբեր 04, 2019 | 16:15
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենի օգնական Սեդա Ստեփանյանը նոյեմբերի 26-29-ը մասնակցել է «Իրավաբանական կլինիկաներ. հայացք դեպի ապագան» խորագրով գիտաժողովին՝ ներկայացնելով կլինիկայի գործունեությունը և հետագա համագործակցության ակնկալիքները:
Շվեդիայի Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և Բելառուսի Պոլոցք քաղաքի պետական համալսարանի կողմից կազմակերպված գիտաժողովը նվիրված էր իրավաբանական կլինիկաների աշխատանքին, առանձնահատկություններին և զարգացման հնարավոր ուղիներին:
Միջոցառմանը մասնակցել են Նիդերլանդների, Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի, Լատվիայի, Վրաստանի և այլ երկրների մի շարք իրավաբանական կլինիկաների ներկայացուցիչներ:
Մեզ հետ զրույցում Սեդա Ստեփանյանն ասաց, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացել են տարբեր երկրների նմանատիպ կառույցների գործունեությանը. «Եռօրյա աշխատանքի ընթացքում կազմակերպվել են մի շարք դասախոսություններ, կլոր սեղաններ, խմբային քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց ընթացքում քննարկվել են իրավաբանական կլինիկաներում ուսանողներին ներգրավելու, նոր տեխնոլոգիաների օգտագործման, միջառարկայական մոտեցումների ներդրման վերաբերյալ հարցեր»:
Սեդա Ստեփանյանի հավաստմամբ, միջոցառման ընթացքում քննարկվել են նաև կլինիկական գործունեության ոլորտում տեղեկատվական միջոցների և առցանց հարթակների կիրառման հնարավորությունները:
«Բացի դրանից՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու իրավաբանական կլինիկայի հետ համատեղ միջազգային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ»,- ասաց ԵՊՀիրավաբանական կլինիկայի տնօրենի օգնականը:
Պատրաստեց Քնար Միսակյանը