- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԺԵՔ ԵՎ ԲԱԶՄԱՐԺԵՔ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՍՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՏԱԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոյեմբեր 06, 2018 | 10:06
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԺԵՔ ԵՎ ԲԱԶՄԱՐԺԵՔ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՍՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՏԱԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Երկարժեք և բազմարժեք տրամաբանությունների որոշ ասույթային համակարգերի հատկությունների և արտածումների բարդության մեծությունների հետազոտում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման։
Մեզ հետ զրույցում թեմայի ղեկավար, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Սայադյանը նշեց, որ բազմարժեք տրամաբանությունը (ԲԱՏ-ը)՝ որպես հետազոտման տիրույթ, ներմուծվել է 1920 թ.-ին Լուկասևիչի կողմից՝ առաջարկելով ճշմարտության երրորդ «հնարավոր է» կամ «անհայտ է» արժեքը:
«Եթե նախնական շրջանում ԲԱՏ-ի ոլորտում ստացված արդյունքները թվում էին ոչ այնքան օգտակար, ապա վերջերս հայտնաբերվել են չափազանց հետաքրքիր կիրառումներ ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում»,- ասաց Սայադյանն ու հենց դրանով է պայմանավորված թեմայի արդիականությունը:
Նա որոշակիորեն բացատրեց արտածումների բարդության տեսությունը և նշեց, որ այս ոլորտը խիստ կարևոր է, քանի որ սերտորեն փոխկապակցված է ընդհանուր բարդության տեսության կարևորագույն խնդիրների հետ. «Արտածման համակարգերի վերլուծելու համար կարևոր է իմանալ՝ կա արդյո՞ք ցանկացած նույնաբանության արտածումը ծնող արդյունավետ ալգորիթմ և արդյո՞ք այն կարող է ստեղծել կարճագույն արտածումը»:
Սայադյանը, խոսելով գիտական թեմայի նպատակների մասին, ասաց. «Առաջնային է համապիտանի արտածման համակարգերի կառուցման հետազոտումը և արտածման համակարգերի քանակական հայտանիշների ուսումնասիրումը»:
Հետազոտական խմբի անդամներն են Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Անահիտ Չուբարյան, նույն ամբիոնի շրջանավարտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հակոբ Նալբանդյանը, ամբիոնի ասպիրանտ Գարիկ Պետրոսյանը և ամբիոնի 2018 թ.-ի շրջանավարտ Արթուր Խամիսյանը:
Սերգեյ Սայադյանը նշեց, որ հետազոտական խմբի անդամների և՛ թեկնածուական, և՛ մագիստրոսական թեզերը ղեկավարել է պրոֆեսոր Չուբարյանը, թիմի բոլոր անդամները միջազգային գիտաժողովներում բազմաթիվ անգամներ հանդես են եկել զեկույցներով: Սայադյանի հավաստմամբ, թիմի անդամների նպատակասլացության, նվիրվածության և կազմակերպված լինելու շնորհիվ թիմը գրանցելու է ցանկալի արդյունք:
Անգին Խաչատրյան