- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ
Ապրիլ 29, 2019 | 16:09
Գիտություն
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում ապրիլի 26-27-ը կազմակերպել էր «Համալսարանական կրթությունը սոցիոլոգիական հեռանկարում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներ, ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ Հայ-ռուսական (Սլավոնական), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններից:
Գիտաժողովին ելույթներ ունեցան նաև մասնագետներ արտասահմանից՝ Չեխիայի Հրադեչ Կրալովե համալսարանից սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի դոկտորներ Միրոսլավ Կապպլը, Կվետենսկա Դանիելան, Բելառուսի համալսարանի պրոֆեսոր Լարիսա Տիտորենկոն, Կուբանի համալսարանի դոկտոր Նատալյա Յուրչենկոն, Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի համալսարանի դոկտոր Քաջիկ Օհանյանը և այլ մասնագետներ:
Թեմաները տարբեր էին՝ սկսած «Սոցիալական աշխատանք» մասնագիտության զարգացման ժամանակակից տենդենցներից մինչև կրթության կազմակերպում ակտիվ ուսուցման մեթոդներով:
Մասնագետները համեմատական վերլուծություն էին կատարել Հայաստանի և Բելառուսի բարձրագույն կրթության համակարգերի միջև:
Մեզ հետ զրույցում Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը նշեց, որ գիտաժողովի ժամանակ քննարկվեցին այն մարտահրավերները, որոնց առաջ է կանգնած ինչպես ԵՊՀ-ն, այնպես էլ համալսարանական կրթությունն ընդհանրապես:
Ըստ նրա՝ խնդիրները շատ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. «Համալսարանական կրթությունն ամենուրեք մեծ մարտահրավերների առաջ է կանգնած: Փոփոխվում են հասարակությունը, տնտեսությունը, գիտությունը, և այդ նոր փոփոխություններին պետք է համարժեք արձագանքել: Դա հեշտ չէ, քանի որ ամեն համալսարան ունի իր ներքին իներցիան, շատ այլ խնդիրներ, իսկ գործընթացների աշխարհում արագացում է տեղի ունենում՝ այն, ինչ առաջ տևում էր տասը տարի, այժմ հնարավոր է մեկ տարում»:
Դեկան Մկրտիչյանը թվարկեց քննարկված խնդիրները, որոնց շարքում առանձնացրեց բակալավրիատի և մագիստրատուրայի հարցը:
«Ունենք շատ բաժիններ, որտեղ մագիստրատուրայի ընդունելությունը չի ենթադրում համապատասխան բակալավրիատի դիպլոմի առկայություն: Արդյունքում ստացվում է, որ մագիստրատուրայի տարբեր բաժիններում ունենք և՛ մասնագիտական բակալավրիատ անցած ուսանողներ, որոնք ունեն պատշաճ գիտելիքներ տվյալ մասնագիտությունից, և՛ ուսանողներ, որոնք բակալավրիատում այդ չորս տարին չեն սովորել, բայց շարունակում են ուսումնառությունն արդեն մագիստրատուրայում: Այստեղ հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այդ բակալավրիատը, եթե կարելի է առանց դրա գալ և մագիստրատուրայում սովորել: Այսպես կարծես արժեզրկվում է բակալավրիատը: Սա խնդիր է և լուծման կարիք ունի»,- ասաց դեկանը:
Նա նշեց, որ գիտաժողովը թույլ տվեց քննարկել նմանատիպ խնդիրներ և լուծման եզրեր փնտրել:
Մարի Ռաֆյան