- Գլխավոր
- Նորություններ
- «SPRINGER» ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՏՈՒՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 17 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԳԻՐՔԸ
Սեպտեմբեր 20, 2018 | 16:29
Գիտություն
«SPRINGER» ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՏՈՒՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 17 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԳԻՐՔԸ
Հեղինակավոր «Springer» հրատարակչական տան կողմից հրատարակվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Հովիկ Փանոսյանի խմբագրությամբ «Եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլներ, էկոլոգիան, բազմազանությունը և կիրառությունը» 17 գլխից բաղկացած ստվարածավալ գիրքը:
Նշենք, որ գրքի խմբագրական կազմում ընդգրկված են մասնագետներ Նորվեգիայից, Չինաստանից, Ուզբեկստանից:
Հովիկ Փանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին էքստրեմոֆիլ մանրէների նկատմամբ աճող հետաքրքրությունը պայմանավորված է նրանց գիտագործնական նշանակությամբ: «Տարբեր էկոհամակարգերից էքստրեմոֆիլ մանրէների ուսումնասիրությունը կարևոր է նաև այդ մանրէների կիրառմամբ կենսաբանորեն ակտիվ նյութերի և ֆերմենտների ակտիվ արտադրիչների ստացման համար»,- հավելեց նա:
Ըստ Փանոսյանի՝ «Եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլներ, էկոլոգիան, բազմազանությունը և կիրառությունը» գրքի 2 գլուխները հեղինակել են ԵՊՀ դասախոսները և ասպիրանտները վրացի և նորվեգացի գործընկերների հետ համատեղ:
«Գրքի երկու գլուխներից առաջինում ներկայացված է Փոքր Կովկասի, մասնավորապես Հայաստանի, Վրաստանի և Արցախի երկրաջերմային աղբյուրների թերմոֆիլ մանրէների բազմազանությունը և դրանց կիրառական հեռանկարները:
Երկրորդ գլխում ամփոփված են վերերկրյա ջերմային աղբյուրներում թերմոֆիլ էնդոսպոր առաջացնող բակտերիաների տարածվածությունն ու դրանց հիմքով կենսաբանական ակտիվ նյութերի, ֆերմենտների ստացման տեխնոլոգիաներին վերաբերող տեղեկատվությունը»,- ասաց նա:
Նրա խոսքով, այս գրքում արծարծվում են նաև Եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլ մանրէների մի շարք ասպեկտներին առնչվող խնդիրներ, ինչպես նաև տեղ են գտել էքստրեմոֆիլների գյուղատնտեսական և արտադրական կենսատեխնոլոգիաներում կիրառման հեռանկարներին վերաբերող գլուխներ:
ԵՊՀ դոցենտը Հովիկ Փանոսյանը նաև նշեց, որ գրքում զետեղվել են կենսաբանության բնագավառում միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների տասնամյակների ընթացքում հետազոտված և կուտակված փորձարարական ու տեսական աշխատանքները:
«Այդ աշխատանքներն օգտակար կլինեն մանրէների էկոլոգիայի բնագավառի գիտաշխատողների, մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա մասնագիտություններով մասնագիտացող մագիստրանտների, ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար»,-հավելեց նա:
Նադեժդա Տեր-Աբրահամյան