- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Հունիս 27, 2018 | 17:01
Քաղաքականություն
ԵՊՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Այսօր ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իրինա Գանուսը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ու Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Արամ Սիմոնյանը ռուս գործընկերներին նախ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, ուսումնական և գիտահետազոտական գործընթացների առանձնահատկությունները, անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը՝ հատկապես կարևորելով ռուսական համալսարանների և գիտական կենտրոնների հետ փոխգործակցությունը:
«Մենք բաց ենք համագործակցության համար: Վստահ եմ, որ արդյունավետ և ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա ոչ միայն վերականգնելու երբեմնի պայմանավորվածությունները, այլև ծավալելու մի շարք ուղղություններով նոր համագործակցություն, ուստի ուրախ ենք ողջունելու ձեզ Մայր բուհում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
Ա. Սիմոնյանը հավելեց, որ ԵՊՀ-ն ակտիվ գործունեություն է ծավալում բուհը խոշոր գիտահետազոտական կենտրոն դարձնելու ուղղությամբ, իսկ այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունն է:
Իրինա Գանուսը ներկայացրեց Սանկտ Պետերբուրգի մի շարք առաջատար բուհերի, գիտահետազոտական կենտրոնների և բարձագույն դպրոցների հիմնական ուղղվածությունները և ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է այցելել հետխորհրդային տարածաշրջանում հայտնի և ներկայումս էլ մեծ հեղինակություն վայելող Երևանի պետական համալսարան՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ ու հեռանկարային:
«Վստահ ենք, որ ԵՊՀ-ն այն բուհն է, որից վերցնելու և սովորելու շատ բան ունենք: Ուրախ ենք, որ փոխադարձ հետաքրքրություն ենք ցուցաբերում, ինչն էլ հեռանկարային գործընկերություն ծավալելու լավագույն նախադրյալն է»,- նշեց տիկին Գանուսը:
Կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկա հանդիպումների, համատեղ ծրագրերի և մի շարք միջոցառումների մասնակցության վերաբերյալ, որից հետո հուշանվերներ փոխանակեցին: