- Գլխավոր
- Նորություններ
- «ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ԻՄԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է». ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 15, 2019 | 15:39
Ուսանողական
«ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ԻՄԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է». ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր կայացավ ադրբեջաներենի դասընթացի մեկնարկը:
Դասընթացի նախաձեռնությունը ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանինն էր:
Վերջինիս տեղեկացմամբ, Մարտական պատրաստության ակումբ հիմնելու և նման գաղափարներով հանդես գալու միտքը հղացավ բանակից զորացրվելուց անմիջապես հետո:
«Ակումբը ռազմավարական ուղղություն ունի, որի գլխավոր նպատակն է մի կառույցում ինտեգրել այն բոլոր ուսանողներին, որոնք դեռ չեն անցել զինվորական ծառայության»,- նշեց Լիպարիտը:
Նշենք, որ Մարտական պատրաստության ակումբի գործունեությունը լայն արձագանք է գտել ուսանողների շրջանում. այդ մասին վկայում են ինչպես ուսանողների ակտիվ ներգրավվածությունն ակումբի գործունեությանն ընդհանրապես, այնպես էլ ադրբեջաներենի դասընթացի մեկնարկի՝ ուսանողների հայտադիմումների թիվը:
Լիպարիտի փաստարկմամբ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից հայտադիմումներ է ներկայացրել ավելի քան 250 ուսանող. «Մեզ համար բարդ և պատասխանատու էր ընտրություն կատարելը, ի վերջո, ընտրվեցին նրանք, ովքեր աչքի ընկան իրենց պարտաճանաչությամբ, բանիմացությամբ և նոր բան սովորելու ներուժով»:
Ադրբեջաներենի առաջին դասընթացի խումբը բաղկացած է 30 հոգուց: Խմբի հիմնական կորիզը Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Հայ բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներն են:
Դասընթացը վարում է Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանը:
Ի դեպ, դասընթացի ավարտին ուսանողները ստանալու են վկայականներ և հաջողություն գրանցելու դեպքում խորությամբ ուսումնասիրելու են ադրբեջաներենը.
այս ամենը նպաստելու է դասընթացի՝ նոր խմբերի կազմավորմանը:
Խոսելով ծրագրի կարևորության և արդիականության մասին՝ Լիպարիտը նշեց, որ թշնամու լեզուն իմանալն անհրաժեշտություն է. «Բազմաթիվ տեսանյութերով պարզ է դարձել, որ ադրբեջանցիները վարժ տիրապետում են հայերենին. այդ դեպքում ինչո՞ւ մենք չսովորենք թշնամու լեզուն»:
Նրա կարծիքով, դպրոցներում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել նախնական զինվորական պատրաստության դասընթացին, ինչպես նաև սովորեցնել ադրբեջաներեն:
Տեղեկացնենք, որ ադրբեջաներենի դասընթացներին զուգընթաց մեկնարկելու է հատուկ մարտական պատրաստության ծրագիր, որն ընդգրկում է ռազմական տեսական և գործնական գիտելիքների լայն ուսումնասիրություն՝ հետախուզություն, ռազմական տեղագրություն, ժեստերի լեզու, կրակային պատրաստություն:
Ծրագրի իրագործման համար Մարտական պատրաստության ակումբի նախագահը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանին և պրոֆեսորադասախոսական կազմին:
Անգին Խաչատրյան