- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԵՎ ՍԱՏՄ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Ապրիլ 19, 2019 | 15:09
Քաղաքականություն
Գիտություն
ԵՊՀ-Ի ԵՎ ՍԱՏՄ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր հյուրընկալվել էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը ու Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը:
Հանդիպման սկզբում ՍԱՏՄ պետն այցելեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացան վերջինիս նորարարական լուծումներին ու հագեցած տեխնոլոգիաներին, տեղեկացան, թե ինչ ծրագրեր է իրականացնում այն։ ՍԱՏՄ ղեկավարն ու ներկայացուցիչը համոզվեցին, որ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում կան սարքավորումներ, որոնք միակն են հանրապետությունում։
Կենտրոն այցից հետո հյուրերը կլոր-սեղան քննարկում ունեցան սննդի անվտանգության, դրա մշակման ու վերամշակման հարցերի, ինչպես նաև հետագա համագործակցության վերաբերյալ։ Երկու կողմերն էլ համակարծիք էին, որ իրենց ունեցած ռեսուրսները բավարար են փոխշահավետ համագործակցության համար։
ԵՊՀ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե ինչ միջոցներ են հարկավոր, որպեսզի Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը կարողանա համագործակցել պետության հետ սննդամթերքի անվտանգության հարցում։
Կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանի խոսքով, այս հանդիպման արդյունքում ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ստանալու իրենց տեսական գիտելիքները գործնականում իրացնել ՍԱՏՄ լաբորատորիաներում աշխատելու շնորհիվ՝ հետագայում այնտեղ աշխատելու հեռանկարով։
Մարինա Առաքելյան