- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Սեպտեմբեր 20, 2018 | 16:59
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում 3 օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԽ համագումար նիստը:
Նիստի օրակարգում ներառված էին ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի 2017-18 ուստարվա հաշվետվությունը, ՈՒԽ նախագահության կազմի հաստատմումը, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվության ներկայացումը և նոր կազմի ընտրությունը:
Անդրադառնալով ուստարվա հաշվետվությանը՝ Դավիթ Ափոյանը տեղեկացրեց, որ կառույցի նախագահ է դարձել 2018 թվականի հունվարից, այդ պատճառով կներկայացնի այն աշխատանքները, որոնք իրականացվել են հունվար ամսից մինչև օգոստոս ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
ՈՒԽ նախագահը հաշվետվության ընթացքում անդրադարձավ այն հիմնական խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնել է կառույցը և հետևել դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին, ապա նաև ներկայացրեց կազմակերպված տարաբնույթ միջոցառումները:
Դավիթ Ափոյանը փաստեց, որ իրենց պահանջով ԵՊՀ գրադարաններում տեղադրվել են սկանավորման սարքեր, որոնք լուծելու են մասնագիտական գրքերի թվաքանակի պակասի խնդիրը, ինչպես նաև տեղադրվել են նոր սեղաններ և աթոռներ, որոնք էլ առավել հարմարավետ են դարձրել գրադարանից օգտվելու հնարավորությունները:
Բացի այդ՝ ուսանողների չբարձրաձայնած պահանջի համաձայն՝ գրադարանի աշխատաժամերը երկարացվել են մինչև 19:00-ը, բայց, ինչպես նշեց ՈՒԽ նախագահը, ուսանողների հաճախելիությունը ժամը 17:00-ից հետո շատ քիչ է. գրեթե զրոյական. «Գուցե խնդիրը գրականության պակասն է կամ համապատասխան մթնոլորտի բացակայությունը: Մեր առաջիկա ծրագրերի մեջ ներառել ենք այդ խնդիրների լուծումը»:
«Մեր պահանջով բոլոր դեկանատներում առկա են առաջին բուժօգնության պարագաներ: Կառույցի շնորհիվ բարելավվեցին նաև ուսանողական էլեկտրոնային հասցեները. այժմ ուսանողները հնարավորություն ունեն օգտագործելու այլընտրանքային էլեկտրոնային հասցեներ: Կենսաբանության ֆակուլտետի արտադրական պրակտիկայի ժամանակ մենք լուծեցինք ուսանողների կեցության և սննդի հարցը, մեր շնորհիվ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մասնաշենքում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ, լուծվեց ֆակուլտետի Սերվիս բաժնի պրակտիկայի հարցը: Մենք լուծեցինք նաև ուսանողական ճաշարանների գների հարցը: 3 օր առաջ էլ ստացել ենք wi-fi-ի նոր սարքեր, որոնք միաժամանակ 500 ուսանողների հնարավորություն կտան օգտվելու ինտերնետից»,- ասաց Դավիթ Ափոյանը:
Անդրադառնալով իրականացված միջոցառումներին՝ ՈՒԽ նախագահը հիշատակեց ընդհանուր զարգացմանն ուղղված արտագնա դասընթացները, «Իրազեկ ուսանող» հաղորդաշարը, «Ուսանողական ռազմական բանակում-2018»-ը և առաջին անգամ իրականացված «Իրազեկում» ծրագիրը, խոսեց դրանց արդյունավետության մասին:
ՈՒԽ նախագահն ասաց նաև, որ կառույցն իր մասնակցությունն է ունեցել համալսարանի կոլեգիալ կառավարման բոլոր օղակներում: Դավիթ Ափոյանը կոչ արեց ուսանողներին հետագայում լինել առավել ակտիվ, համարձակ և անտարբեր չմնալ ոչ մի հարցի նկատմամբ:
Օրակարգային երկրորդ հարցով միաձայն հաստատվեց Ուսանողական խորհրդի նախագահության կազմը, ապա, անցնելով երրորդ հարցին, Մարգարիտա Ղազարյանը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը՝ անդրադառնալով, թե կառույցն ինչպես է օգտագործել բյուջեն և շեշտելով, որ ՈՒԽ-ն իր գործունեության ընթացքում հավատարիմ է մնացել իր կանոնադրությանը և համապատասխան իրավական ակտերին: Ի դեպ, կառույցի բյուջեի կատարողականին հնարավոր է ծանոթանալ ԵՊՀ ՈՒԽ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում (ԵՊՀ ուսանողական խորհուրդ):
Համագումարի ժամանակ միաձայն ընտրվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը, որի անդամներ դարձան Տաթև Սողոյանը, Խաչիկ Աբաջյանը և Ամալյա Սողոմոնյանը:
Համագումարից հետո ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԽ նախագահության հերթական նիստը, որի ընթացքում նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս Դավիթ Ափոյանն ընտրվեց ՈՒԽ նախագահ:
Քնար Միսակյան