- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Հուլիս 04, 2018 | 17:07
Քաղաքականություն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանից հետո ակադեմիական պարտքեր ունեցող և ուսման վարձերը չվճարած ուսանողների քանակը՝ նշելով, որ ներկայացվող տվյալները չեն ներառում ավարտական կուրսերը:
«Բակալավրիատի առկա համակարգում պարտք ունեն 3265 ուսանողներ, իսկ ուսման վարձերը չվճարած ուսանողների թիվը կազմում է 35, որոնց պարտքը 50 հազար և ավելի դրամ է: Բակալավրիատի հեռակա համակարգում պարտք ունեն 1279 ուսանողներ, իսկ 50 հազար և ավելի ուսումնական վարձի պարտք ունեցող ուսանողների թիվը կազմում է 54: Մագիստրատուրայի առկա համակարգում պարտք ունեն 123 ուսանողներ, 50 հազար և ավելի ուսումնական վարձի պարտք՝ 5 ուսանողներ, իսկ մագիստրատուրայի հեռակա համակարգում պարտք ունեն 135 ուսանողներ, 50 հազար և ավելի ուս. վարձի պարտք՝ 8 ուսանողներ»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:
Պրոռեկտորը նշեց, որ բակալավրիատի առկա համակարգում հեռացման ենթակա են 30 և ավելի կրեդիտ պարտք ունեցող ուսանողները, իսկ հեռակա համակարգում՝ 24 և ավելի կրեդիտ պարտք ունեցողները: Մագիստրատուրայում առկա համակարգում հեռացման ենթակա են 27 և ավելի կրեդիտ պարտք ունեցող ուսանողները, իսկ հեռակա համակարգում՝ 21 և ավելի կրեդիտ պարտք ունեցողները:
«Հեռացման են ենթակա նաև այն ուսանողները, որոնք ունեն ուսման վարձերի պարտք և չունեն համապատասխան թույլտվություն դրանց վճարման ժամկետները երկարեցնելու վերաբերյալ: Բոլոր հեռացումները կքննարկվեն դեկանների հետ»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:
Նիստի ընթացքում քննարկվեց նաև դասախոսների ծանրաբեռնվածության կրճատման հարցը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ դիմորդների սակավության հետ պայմանավորված՝ այս տարի շատ մասնագիտություններ դիմորդներ չունեն, ինչի արդյունքում էլ որոշ ամբիոններում ծանրաբեռնվածությունը կիջնի. «Դասախոսներն էլ պետք է ըմբռնումով մոտենան հարցին և հասկանան, որ խնդրի լուծման առաջարկվող տարբերակը շահավետ է բոլորի համար: Մենք կքննարկենք բոլոր ամբիոնների խնդիրները»:
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ԵՊՀ տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Պարույր Վարդերեսյանը՝ հորդորելով՝ համալսարանական էլեկտրոնային հասցեին եկած այն նամակներին, որոնք ճշտում են օգտատերերի գաղտնաբառերը, չպատասխանել, և ընդհանրապես որևէ այլ համակարգում չգրել գաղտնաբառը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բուհի ուսումնական գործընթացի և համապատասխան կազմակերպչական խնդիրների լուծման համար շեշտեց, որ պետք է առաջնորդվել ներքին կարգապահական կանոններով, պահպանել էթիկայի նորմերը և իրականացնել համատեղ ընդունած որոշումները:
Քնար Միսակյան